ԱՀԿ-ն հայտնել է, որ կորնավիրուսի նոր տեսակը հայտնաբերվել է Եվրոպայի 22 երկրում
SARS CoV-2 կորոնավիրուսի նոր շտամը հայտնաբերվել է Եվրոպայի 22 երկրներում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Կոպենհագենում կայացած ասուլիսում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն:
«Ինչպես և բոլոր վիրուսները, «Քովիդ-19»-ը ժամանակի ընթացքում փոփոխության է ենթարկվել: Ես հասկանում եմ մտահոգությունը՝ կապված նոր տեսակի ազդեցության հետ: Եվրոպայի 22 երկրներում հայտնաբերվել է այդ նոր տեսակը»,- ասել է Կլյուգեն:
Ինչպես վերջինս նշել է, վիրուսի այդ տեսակն ավելի արագ է տարածվում, սակայն հիվանդությունը, որն այն առաջացնում է, լուրջ փոփոխությունների չի ենթարկվել: Նրա խոսքով՝ երեխաները չեն ընդգրկվում բարձր ռիսկային գոտում: Նա հավելել է, որ նոր տեսակը կարող է ժամանակի հետ փոխարինել մյուս տեսակներին, ինչպես դա դիտվում է Միացյալ Թագավորությունում և Դանիայում:
ԱՀԿ տվյալներով՝ Եվրոպական տարածաշրջանի 53 երկրում 2020 թվականին կորոնավիրուսով վարակման 26 մլն դեպք է հաստատվել, որից ավելի քան 580 հազարը՝ մահվան ելքով:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի նոր տեսակի հայտնաբերման մասին առաջին անգամ անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը:
Կարծիքներ