Մոսկվայում հրաժեշտ են տվել Վլադիմիր Ժիրինովսկուն(լուսանկարներ)
Ավարտվել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հրաժեշտի արարողությունը։ Քաղաքական գործչին հրաժեշտ տալ ցանկացողների մեծ թվի պատճառով հրաժեշտի միջոցառումը երկարաձգվել է գրեթե մեկ ժամով, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Քաղաքական գործչին հրաժեշտ տալ ցանկացողների հերթ է գոյացել։
Ժիրինովսկուն հրաժեշտ տալու է եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հրաժեշտի արարողությանը մասնակցել են նաև ՌԴ կառավարության անդամները, այդ թվում՝ փոխվարչապետեր Տատյանա Գոլիկովան և Յուրի Բորիսովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
Ինչպես նշել է Մուրաշկոն, Ժիրինովսկին մարդ էր, ով «գիտեր առաջ տեսնել, գիտեր՝ ինչպես վերլուծել իրավիճակը»։
«Մարդ, ով իր երկրի իսկական քաղաքացին էր, մենք տեսանք, թե ինչպես է նա պայքարում հիվանդության դեմ, սա հսկայական կամքի ուժ է, մեծ քաջություն»,- շեշտել է նախարարը։
Հրաժեշտի արարողությանը մասնակցել են Պետդումայի բոլոր հինգ խմբակցությունների ղեկավարները, ինչպես նաև Պետդումայի ներկա և նախկին պատգամավորները։
Ժիրինովսկին կյանքից հեռացել է ապրիլի 6-ին՝ 75 տարեկան հասակում։ Քաղաքական գործչին կհուղարկավորեն Նովոդևիչի գերեզմանատանը։
Կարծիքներ