Լավրովը՝ Փառուխի մասին

Լավրովը՝ Փառուխի մասին

Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հետևած համատեղ մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովն անդրադարձել է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ  գյուղում ու Քարագլուխ կոչվող բարձունքում իրավիճակին։

«Չնայած ՌԴ ՊՆ-ի, միջազգային այլ կոչերին, ադրբեջանցիները մինչ այս պահը չեն վերադարձել ելման դիրքեր։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ռուսական կողմն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման կետեր վերադարձնելու համար, հետագայուն նման դեպքերը կանխելու համար՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ավելի քան 400 մարդ չի կարող վերադառնալ իրենց տներ»,-հարցրել են Լավրովին։

«Մարտի 24-ին տեղի ունեցած միջադեպի հենց սկզբից մենք հայտարարեցինք, որ մեր զինվորականները, մեր խաղաղապահ զորախումբը պարզում են բոլոր հանգամանքները։ Դրա մասին այսօր խոսեցինք։ Այնտեղ մեզ համար այս հանգամանքները լիովին պարզ չեն։ Ես չէի ցանկանա հիմա առաջ գնալ և վերջնական դատողություններ անել։ Մենք համոզված ենք, որ մեր հայ ընկերները լիովին վստահում են ռուս խաղաղապահ զորամիավորմանը»,- ասել է Լավրովը։

ԱԳՆ ղեկավարը  հույս է հայտնել, որ «խաղաղապահներին պատասխանատվության կանչելու, ծառայողական հետաքննություն անցկացնելու» մասին  երբեմն-երբեմն հնչող  կոչերը չեն արտացոլում հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը այն հսկայական դերի նկատմամբ, որը զորախումբը խաղում է տարածաշրջանում կայունության պահպանման գործում։

«Այո, փոքր միջադեպեր լինում են։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ կոնկրետ դեպքն ուսումնասիրում ենք մեր զինվորականների միջոցով։ Կան բաներ, որոնք պարզաբանման կարիք ունեն»,- հավելել է Լավրովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում