Արգենտինայում բողոքի ցույցեր են անցկացվում ոստիկանի կողմից դեռահասի սպանության պատճառով

Արգենտինայում բողոքի ցույցեր են անցկացվում ոստիկանի կողմից դեռահասի սպանության պատճառով

Ուրբաթ Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի Միրամար քաղաքում ինքնաբուխ բողոքի ցույցեր են սկսվել այն ​​բանից հետո, երբ ոստիկանը կրակել եւ սպանել է դեռահաս Լուչիանո Օլիվերին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Todo Noticias հեռուստաալիքը:

Քաղաքի բնակիչները հավաքվել են փողոցներից մեկում՝ դեպքի մանրակրկիտ հետաքննության պահանջով։ Ուրբաթ ավելի վաղ Օլիվերի սպանության վայր էին եկել նաեւ դեռահասի հարազատներն ու ընկերները։ Նրանցից ոմանք սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ իրավապահները պատասխանել են ռետինե փամփուշտներով։

Դեռահասը գիշերը մոտոցիկլետով տուն էր վերադառնում, երբ ոստիկանականը հրամայել էր կանգնել։ Նախնական տվյալներով՝ Օլիվերը չի ենթարկվել, ինչից հետո ոստիկաններից մեկը կրակել է նրա կրծքավանդակի շրջանում։ Ստացած վնասվածքից Օլիվերը մահացել է, ոստիկանը ձերբակալվել է. «Նրա խոսքով` նա պատահաբար կրակել է, գործընկերներն անմիջապես ձերբակալել են նրան»,- լրագրողներին ասել է Բուենոս Այրեսի նահանգային անվտանգության նախարար Սերջիո Բերնին՝ ընդգծելով, որ «ոստիկանի գործողություններն արդարացում չունեն»։

Օլիվերի սպանությունը մեկ ամսվա ընթացքում երկրորդ նման աղմկահարույց դեպքն է։ Նոյեմբերի կեսերին 17-ամյա Barrancas Central-ի ֆուտբոլիստ Լուկաս Գոնսալեսը սպանվել էր ոստիկանների կողմից, երբ նա ընկերների հետ ընթանում էր ավտոմեքենայով ուշ գիշեր: Քաղաքացիական հագուստով իրավապահները, հետեւելով նրանց առանց տարբերանշանի ավտոմեքենայով, փորձել են կանգնեցնել դեռահասների ավտոմեքենան, ապա սկսել են կրակել։ Ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում