Մասկի և Ցուկերբերգի մենամարտը կլինի պատմության մեջ ամենադիտվածը. UFC- ի նախագահ
Ամերիկացի ձեռնարկատերեր և միլիարդատերեր Իլոն Մասկը և Մարկ Ցուկերբերգը «լիովին լրջորեն» են վերաբերվում խառը մենամարտերի (MMA) կանոններով միմյանց հետ մենամարտելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին TMZ-ին հայտնել է Ultimate Fighting Championship-ի (UFC) նախագահ Դեյնա Ուայթը:
«Ես խոսեցի Մարկի և Իլոնի հետ անցյալ գիշեր, և նրանք երկուսն էլ բացարձակապես, լիովին լուրջ են», - նշում է Ուայթը:
Նա կարծում է, որ երկուսն էլ կարողանում են իրենց դրսևորել մարտերում. Ցուկերբերգը զբաղվում է ջիու ջիցուով, իսկ Մասկը զբաղվել է մարտարվեստով և «բազմաթիվ մենամարտերի է մասնակցել Հարավային Աֆրիկայում մեծանալով»։
Ուայթը նշել է, որ միլիարդատերերի ճակատամարտի առցանց դիտումը, հավանաբար, կարժենա 100 դոլար. UFC-ի սովորական առաջնության մենամարտերը կարելի է դիտել 80 դոլարով։ Նա չի նշել, թե որքան կարժենա արենա մուտքի տոմսը, սակայն TMZ-ն ենթադրում է, որ գինը շատ բարձր կլինի։
UFC-ի նախագահն ակնկալում է, որ Մասկ-Ցուկերբերգ մենամարտը կլինի պատմության մեջ ամենադիտվածը և հարյուրավոր միլիոն դոլար կհավաքի բարեգործական նպատակներով: Ուայթը կարծում է, որ Ցուկերբերգը և Մասկը լրջորեն են տրամադրված, իսկ ինքը վճռական է տրամադրված մարտն իրականություն դարձնել:
Մասկ-Ցուկերբերգ հնարավոր մենամարտին է անդրադարձել նաև Իլոն Մասկի մայրը:
«Իրականում ես չեղարկել եմ մարտը: Ես նրանց դեռ չեմ հայտնել, բայց կշարունակեմ ասել, որ մարտը չեղարկված է, ամեն դեպքում…», - գրել է Մեյ Մասկը Twitter-ում:
Կարծիքներ