Այդքան երիտասարդների կյանքի կորստի հեռանկարը սարսափելի է, անկախ նրանից՝ ուկրաինացի են, թե՝ ռուս. Մայքլ Մարտին

Ինչպես հայտնել ենք, Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը նախօրեին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ փորձել է ամերիկացի առաջնորդին փոխանցել Եվրոպայի անհանգստությունը եվրոպական ապրանքների վրա ԱՄՆ մաքսատուրքերի և ուկրաինական կարգավորման հարցում Վաշինգտոնի դիրքորոշման վերաբերյալ:
Թրամփը մեղադրանքներ է հնչեցրել Եվրամիության և Իռլանդիայի հասցեին, Իռլանդիայի վարչապետն էլ իր խոսքում արձագանքել է դրանց ու խոսել նաև Ուկրաինայում խաղաղության ջանքերի մասին:
«Թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել նախագահին խաղաղ գործընթացի վերաբերյալ նրա նախաձեռնությունների համար։ Մենք Իռլանդիայում շատ բան ենք սովորել ձեր նշած խաղաղ գործընթացից:
Հիշում եմ, 90-ականների սկզբին, երբ Իռլանդիայում խաղաղությանն ուղղված քայլեր ձեռնարկվեցին, շատերը քննադատում էին Ջոն Հյումի և Էլվին Ռեյնոլդսի նման մարդկանց, բայց նրանք շարունակեցին իրենց ջանքերը։
Երբ 1993 թվականին ձեռք բերվեց հրադադարի տեսքով առաջին հաջողությունը (Դաունինգ Սթրիթի հռչակագիրը - Խմբ.), ևս մի քանի տարի պահանջվեց համապարփակ խաղաղ համաձայնագրի հասնելու համար։ Սակայն պատերազմի կրակն ի վերջո մարեց։
Ուկրաինայի պատերազմը կործանարար է եղել երիտասարդների համար, և մենք պետք է հասկանանք, որ սա պարզ, բայց կարևոր ուղերձ է։ Մենք բոլորս էլ երեխաներ ունենք, և այդքան երիտասարդների կյանքի կորստի հեռանկարը սարսափելի է, անկախ նրանից՝ նրանք ուկրաինացի են, ռուս, թե որևէ այլ մեկը:
Այն, ինչ մենք կարող ենք անել բռնությունը դադարեցնելու համար, չափազանց դրական քայլ է։ Իհարկե, կլինեն նրանք, ովքեր կասկածներ և դիմադրություն կհայտնեն, բայց մեր խնդիրն է աշխատել սրա վրա և կառուցել խաղաղություն»,- ասել է նա:
Կարծիքներ