Մահացել է աշխարհի ամենափնտրվող հաքեր Քևին Միտնիկը
Աշխարհի ամենահայտնի հաքերներից մեկը՝ ամերիկացի Քևին Միտնիկը, մահացել է 59 տարեկանում` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից, տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն։
Քևին Միտնիկը ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից հետապնդվում էր 1990-ականներից՝ դառնալով երկրի ամենահռչակավոր կիբերհանցագործը։ Միևնույն ժամանակ նա կատարում էր կիբերանվտանգության խորհրդատուի շահութաբեր աշխատանքը:
Նշվում է, որ Միտնիկը բազմիցս խնդիրներ է ունեցել ԱՄՆ-ում օրենքի հետ և դարձել է առաջին հաքերը, ով հայտնվել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից հետապնդվող կիբերհանցագործների ցանկում։ Ինտերնետի ամենուր տարածվածության դարաշրջանի սկզբում Միտնիկը կարողացել է կոտրել այնպիսի խոշոր ընկերությունների համակարգչային համակարգերը, ինչպիսիք են Motorola-ն, Nokia-ն և Sun Microsystems-ը՝ նրանց պատճառելով միլիոնավոր դոլարների վնաս։
2011 թվականի նոյեմբերին Քևին Միտնիկը դարձավ համասեփականատեր և հաքերների գլխավոր փորձագետ KnowBe4-ում՝ համակարգչային անվտանգության ուսուցման ամերիկյան ընկերությունում:
Կարծիքներ