Թրամփը կարգադրել է դադարեցնել և սառեցնել Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է սառեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը այնքան ժամանակ, քանի դեռ երկրի ղեկավարությունը «խաղաղությանը նվիրվածություն» չի ցուցաբերել։
Հիշեցնենք՝ սա տեղի է ունենում Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Թրամփի վիճաբանությունից օրեր անց:
«Նախագահը հստակ ասել է, որ հավատարիմ է խաղաղությանը: Մեզ պետք է, որ մեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այս նպատակին: Մենք դադարեցնում ենք և վերանայում ենք մեր օգնությունը, որպեսզի համոզվենք, որ այն օգնում է լուծել խնդիրը»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը, որին վկայակոչում են միջազգային լրատվական գործակալությունները և ամերիկյան լրատվամիջոցները:
Ինքը՝ Թրամփը, դեռ չի մեկնաբանել այս որոշումը, իսկ Սպիտակ տնից պաշտոնական տեղեկություն չի ստացվել։
BBC-ի փոխանցմամբ՝ մարտի 3-ին, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նա կդադարեցնի ռազմական օգնությունն Ուկրաինային, Թրամփը պատասխանել է. «Մենք կտեսնենք, թե ինչ կլինի հետո»:
«Միացյալ Նահանգները կասեցնում է Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնությունը, քանի դեռ Թրամփը չի տեսում, որ երկրի ղեկավար կազմը բարեխիղճ նվիրվածություն է ցուցաբերում խաղաղությանը», - Սպիտակ տան ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։
«Սա օգնության մշտական ավարտ չէ, դա դադար է», - հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով վարչակազմի պաշտոնյային:
Ինչպես նշում է Bloomberg-ը, որոշումը կանդրադառնա Ուկրաինա չմատակարարված ամերիկյան ողջ ռազմական տեխնիկայի վրա, այդ թվում՝ արդեն մատակարարվող ու ճանապարհին գտնվող զենքի կամ Լեհաստանով տարանցման: Ճանապարհին գտնվող օգնությունը հետ կկանչվի:
Դեռևս պարզ չէ, թե Թրամփի որոշումը կոնկրետ ինչպես կանդրադառնա Կիևին սպառազինության մատակարարումների վրա և քանի միավորի համար է սահմանված:
CNN-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնում է, որ Սպիտակ տունը որոշ քայլեր է պահանջում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից, հնարավոր է՝ հրապարակային ներողություն խնդրելու համար, նախքան օգտակար հանածոների և թանկարժեք մետաղների մասին գործարքը կամ հետագա օգնության քննարկումները սկսելը:
Հեռուստաընկերության աղբյուրներից մեկի համաձայն՝ ռազմական օգնությունը դադարեցնելու որոշումը կայացվել է երկուշաբթի ուշ երեկոյան և հանդիսանում է «Ուկրաինայի վրա ճնշման ռազմավարություն»։
Զելենսկին արդեն ասել է, որ մտադիր չէ ներողություն խնդրել Թրամփից ուրբաթ օրը Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցածի համար, սակայն պատրաստ է շարունակել հարաբերությունների կառուցումը Միացյալ Նահանգների հետ։ Նա նաև բազմիցս կրկնել է, որ ուկրաինական իշխանությունները հավատարիմ են խաղաղությանը և ձգտում են հնարավորինս շուտ ավարտել պատերազմը։
«Շատ կարևոր է, որ մենք փորձենք մեր դիվանագիտությունն իսկապես բովանդակալից դարձնել՝ այս պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտելու համար։ Մեզ իրական խաղաղություն է պետք, և ուկրաինացիներն ամեն ինչից ավելի դա են ուզում, քանի որ պատերազմը ոչնչացնում է մեր քաղաքներն ու քաղաքացիներին: Մենք կորցնում ենք մեր ժողովրդին: Մենք պետք է դադարեցնենք պատերազմը և երաշխավորենք անվտանգությունը»,- երկուշաբթի ասել է Զելենսկին՝ հույս հայտնելով ԱՄՆ-ի աջակցությանը այս հարցում:
Նշենք՝ ավելի վաղ Դոնալդ Թրամփը կտրուկ արձագանքել էր Զելենսկու այն հայտարարությանը, թե Ռուսաստանի հետ խաղաղության մասին համաձայնագիրը դեռ «շատ հեռու է»։
«Սա ամենավատ հայտարարությունն է, որը Զելենսկին կարող էր անել, և Ամերիկան դա երկար չի հանդուրժի», - գրել էր նա իր Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփը հավելել է, որ մարտի 4-ին կներկայացնի Կիևի հետ հանքային գործարքի վերաբերյալ թարմացումներ: Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը հայտարարել է, որ Ուկրաինան դեռ պատրաստ է ստորագրել փաստաթուղթը։
Մարտի 3-ի երեկոյան Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ ներկայիս և նախկին պաշտոնյաներին, գրել է, որ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Ուկրաինային զենքի նոր վաճառքի ֆինանսավորումը և քննարկում է ամերիկյան պաշարներից մատակարարումները սառեցնելու հարցը, ինչը կսպառնա Կիևի՝ ռուսական ուժերին հակազդելու ունակությանը:
Նոր մատակարարումների ֆինանսավորումը փաստացիորեն դադարեցվել է վերջին շաբաթներին Սպիտակ տան կողմից արտաքին օգնության սառեցման ֆոնին, գրում է թերթը, մինչդեռ Ուկրաինայի հիմնական զենքի մատակարարման խողովակաշարը հնարավոր փակելու քայլերը եղել են Թրամփի և Զելենսկու միջև վեճից օրեր անց:
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հրաման էր ստորագրել, որով Ուկրաինային մատակարարումները ազատվում էին արտաքին օգնության արգելքից, սակայն Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Պիտեր Մարոկկոն չի կարողացել անհրաժեշտ նամակ ուղարկել Պենտագոնին՝ թույլ տալու համար օգնության հոսքը Կիև, հայտնում է WSJ-ը:
Առանց նոր ռազմական մատակարարումների, Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կունենա բավականաչափ սպառազինություն մինչև տարվա կեսը, որպեսզի շարունակի պայքարել Ռուսաստանի դեմ ներկայիս տեմպերով, ասում են ամերիկացի պաշտոնյաները: Դա մասամբ պայմանավորված է Բայդենի վարչակազմով, որը կտրուկ ավելացրել էր զենքի մատակարարումները Կիև՝ նախքան Թրամփի Սպիտակ տուն վերադառնալը, նշում է WSJ-ը։
CNN-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնում է, որ որոշ ժամանակ կպահանջվի, մինչև ռազմական օգնության դադարեցման հետևանքները զգացվեն մարտի դաշտում, բայց քանի որ մատակարարումները սպառվում են, հետևանքը լուրջ կլինի։
«Կա կարողությունների բացը, որը Եվրոպան չի կարող ինքնուրույն լրացնել»,- ասել է նա։
Կարծիքներ