Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին:
Վարչապետը բարձր է գնահատել ՌԴ ԱԻ նախարարության գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման, քաղաքացիներին ցուցաբերվող հումանիտար օժանդակության գործում և շնորհակալություն հայտնել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով ՌԴ առանցքային դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:
«Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ համագործակցության հետագա զարգացմամբ բոլոր, այդ թվում՝ անվտանգության, տնտեսության և հումանիտար ոլորտներում»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով տարբեր բնագավառներում համատեղ նոր ծրագրերի մշակումն ու իրականացումը:
Եվգենի Զինիչևը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ԱԻՆ-ի կողմից Արցախում իրականացվող հումանիտար գործունեության վերաբերյալ և նշել, որ հումանիտար բեռների տեղափոխման ու մնացած աշխատանքներն իրականացվում են առանց խնդիրների, հայ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ներուժի լիարժեք իրացմանը, արտակարգ իրավիճակների և արագ արձագանքման ոլորտում հետագա գործակցությանը վերաբերող հարցեր:
Կարծիքներ