Եվրոպական երկրում կարգելեն սոցիալական ցանցերում տեղադրվող լուսանկարում տեսքը «բարելավել»
Նորվեգիայի խորհրդարանը փոփոխություններ է կատարել շուկայավարման մասին օրենքում, համաձայն որի՝ սոցիալական ցանցերում բոլոր ռետուշացված լուսանկարները կպիտակավորվեն, հայտնում է Vice-ը՝ հղում անելով պետական մարմնի կայքին:
Լրատվամիջոցի տեղեկատվությամբ՝ օգտվողներին կարգելեն հրապարակել տեսքը կամ կազմվածքը բարելավող ցանկացած ռետուշով լուսանկարներ՝ առանց հատուկ նշման: Եվրոպական երկրի իշխանությունները համապատասխան միջոցները ձեռնարկել են հասարակության մեջ գեղեցկության անիրատեսական չափանիշների դեմ պայքարելու համար:
Հայտնի է, որ փոփոխությունների ընդունմանը կողմ է քվեարկել խորհրդարանի 72 անդամ, դեմ՝ 15: Նշվում է, որ օրինագիծն ուժի մեջ մտնելու համար պահանջվում է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի ստորագրությունը: Օրենքում փոփոխություններն առաջարկել է երեխաների, իրավահավասարության եւ սոցիալական ինտեգրման նախարարությունը:
«Գեղեցկության անիրատեսական նորմերը պարտադրվում են մարդկանց աշխատավայրում, հասարակական վայրերում, տանը եւ տարբեր լրատվամիջոցներում։ Երեւույթն առկա է ամենուր, մինչդեռ դրա դեմ դժվար է պայքարել»,- ասված է նախարարության հրապարակման մեջ:
Ըստ նյութի, օրենքը կտարածվի գովազդային պատկերների եւ տեսանյութերի վրա, որոնք տեղադրված են այնպիսի սոցիալական ցանցերում, ինչպիսիք են Instagram-ը, TikTok-ը, Facebook-ը, Snapchat-ը եւ Twitter-ը: Հաղորդվում է, որ օրենքը խախտողների համար նախատեսված են տուգանքներ կամ ազատազրկման տեսքով պատիժներ:
Կարծիքներ