Իսպանիան մի քանի այլ երկրների հետ պլանավորում է ճանաչել Պաղեստինը. վարչապետ Պեդրո Սանչես
Իսպանիայի կառավարությունը մայիսի 21-ին չի ճանաչի Պաղեստինը որպես պետություն, ինչպես ենթադրում էին առանձին ԶԼՄ-ներ, սակայն պլանավորում է դա անել առաջիկայում՝ այլ երկրների հետ միասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին La Sexta հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։
Մասնավորապես, El Pais թերթը, հղում անելով կառավարական աղբյուրների, հաղորդել էր, որ Իսպանիայի և եվրոպական այլ երկրների իշխանություններ դիտարկում են մայիսի 21-ին Պաղեստինը որպես պետություն պաշտոնապես ճանաչելու հնարավորությունը։ Ըստ հրատարակության՝ Պաղեստինը պետք է ճանաչեին նաև Իռլանդիան, Մալթան և Սլովենիան։
«Դա (ճանաչումը) չի լինի հաջորդ երեքշաբթի օրը, - նշել է Սանչեսը: - Դա տեղի կունենա առաջիկա օրերին»:
Վարչապետը հետաձգումը բացատրել է այն բանով, որ Մադրիդն իր գործողությունները համակարգում է այլ երկրների հետ, որպեսզի «հայտարարություն անելու և համատեղ ճանաչելու հնարավորություն ունենա»։
Սանչեսը նաև հայտնել է, որ լուրջ կասկածներ ունի այն հարցում, որ Գազայի հատվածում պահպանվում են մարդու իրավունքները:
Օրերս ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստինը մինչև մայիսի վերջ։ Այժմ Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչում է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից ավելի քան 140-ը։ Աշխարհի 95 երկրում գործում են պաղեստինյան դեսպանատներ և մշտական ներկայացուցչություններ։
Կարծիքներ