Բանակցություններից հետո պետք է տեղի ունենա նաև այն խնդիրների լուծումը, որոնք կապված են առաջնագծի զինվորական կառույցների կահավորման հետ․ Անդրանիկ Քոչարյան

Բանակցություններից հետո պետք է տեղի ունենա նաև այն խնդիրների լուծումը, որոնք կապված են առաջնագծի զինվորական կառույցների կահավորման հետ․ Անդրանիկ Քոչարյան

«Պաշտոնական հաղորդագրությունից հասկացվել է, որ պետք է կառուցվի կամ արդեն իրականություն պետք է դառնա օպերատիվ կապը՝ Հայաստանի և հակառակորդի պաշտպանության նախարարությունների միջև»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով երեկ Գեղարքունիքի սահմանին արձանագրված լարվածությանը, նա ասաց․ «Նման լարվածություններ միշտ մեզ ուղեկցելու են մինչև խնդիրների վերջնական լուծումը, որն իրականություն կդառնա, եթե մտնենք դեմարկացիայի և դելիմիտացիայի փուլ։ Իսկ մտնելու համար պետք է այնուամենայնիվ երկրում ստեղծել ներդաշնակ, կայուն իրավիճակ։ Բայց կան ուժեր, որոնք կայուն իրավիճակների հետ կապված այդ ցանկությունը չունեն կամ այդ օրակարգը չունեն»,- ասաց Քոչարյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ն բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, որ դելիմիտացիային ու դեմարկացիային կողմ է։ «Երբ կսկսվի դա, մենք շահագրգռված ենք, որպեսզի օր առաջ սկսվի, որպեսզի հստակություն մտնի՝ զրոյական կետը որտեղ է, բանակցություններից հետո պետք է տեղի ունենա նաև այն խնդիրների լուծումը, որոնք կապված են առաջնագծի զինվորական կառույցների կահավորման հետ»,- ասաց նա։

Հարցին, թե որ թվականի քարտեզներով է իրականացվելու դելիմիտացիրան ու դեմարկացիան, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Հայ ժողովուրդը ցանկանում է Տիգրան Մեծի ժամանակների։ Խոսք գնաց նաև 20-ական թվականների քարտեզների մասին, խոսք գնաց նաև իրավական ուժ ունեցող քարտեզների մասին։ Բանակցությունների ընթացքում պետք է գտնել մեզ համար ցանկալի զրոյական կետը, որից հետո բանակցելով՝ մենք չունենանք կորուստներ, այլ ընդհակառակը, ունենանք ձեռքբերումներ։ Դա պետք է սկսել բանակցային գործընթացնով, իսկ նման գործընթացի շրջանակներում լինելու են լարվածության այդպիսի օջախներ։ Եվ այդ լարվածության օջախները կմարեն այն ժամանակ, երբ Հայաստանի ներսում այդ օջախներին անուղղակի սպասարկող գործընթացներ չեն լինի։ Դրան առնչված են նաև լրատվամիջոցներ, խնդրում եմ բոլորիդ դուրս եկեք այդ դաշտից, սպասարկեք զինված ուժերի հնարավորությունների ավելացմանը։ Մի տվեք հրապարակումներ, որոնք խանգարում են այսօրվա առաջնագծում զինվորների ծառայությանը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում