Աշխատաժողով՝ ապագայի հմտությունները տնտեսության ոլորտներում սահմանելու մեթոդաբանության թեմայով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Ապագայի հմտությունները տնտեսության ոլորտներում սահմանելու մեթոդաբանության» թեմայով աշխատաժողովին:
Աշխատաժողովին ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են Եվրոպայի կրթական հիմնադրամի՝ Հայաստանի շինարարական ոլորտում ապագայում պահանջվող հմտությունների վերաբերյալ իրականացրած հետազոտության արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է նաև ԿԳՄՍ նախարարության պատվիրակմամբ՝ աշխատաշուկայում շինարարական ոլորտի մասնագիտությունների ու մասնագետների կարիքը չափելու նպատակով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, ընդգծել է նմանօրինակ հանդիպումների կարևորությունը՝ աշխատաշուկայում բացերը հասկանալու համատեքստում: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ հմտություններով ու կարողություններով օժտված մասնագետներ պատրաստելու կարիք կա:
Ընդգծելով «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը»՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է զարգացման հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով նոր մասնագիտությունների ներդրմանը, աշխատաշուկայի պահանջներն ու կարիքները հաշվի առնելով՝ մասնագետների պատրաստմանը, որոնք ավելի շատ կունենան գործնական հմտություններ. «Մեր նպատակն այն է, որ կրթությունը հնարավորինս շատ արտացոլի այն պահանջը, որը պետք է տնտեսությանն ու աշխատաշուկային: Հետաքրքիր է նաև այն մեթոդաբանությունը, որը կիրառվել է Հայաստանում այս հետազոտությունն իրականացնելու համար: Վստահ եմ՝ սա կարևոր գործիք կլինի հետագայում այն կիրառելու և այլ ոլորտներում ևս հետազոտություններ իրականացնելու համար: Հենց այդ հետազոտությունների հիման վրա մենք կարող ենք կազմակերպել ՄԿՈՒ ոլորտում կրթական ծրագրերը, որպեսզի հնարավորինս ճկուն կարողանանք արձագանքել արդի պահանջներին»:
ԵԿՀ հիմնադրամի իրականացրած հետազոտությունը համատեղում է փաստաթղթերի ուսումնասիրություն, վիճակագրության վերլուծություն և տվյալների համադրում, ինչպես նաև խորհրդատվություն ոլորտի մասնագետների, կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ: Աշխատաժողովի նպատակն է ապագայի հմտությունների ավելի լայն համատեքստում կենտրոնանալ հետազոտության մեթոդաբանության և նրա հավելյալ արժեքի վրա, քննարկել դրա տարբեր կողմերը և հետագա կիրառումը հայկական համակարգում՝ այդ թվում նաև տնտեսության այլ ոլորտներում ապագայի հմտությունները վերլուծելու նպատակով:
Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) ներկայացուցիչ Ումմուհան Բարդակը նշել է՝ ԵԿՀ-ն մշակել է հմտությունների կանխատեսումների նոր մոտեցում, որը միավորում է քանակական մոտեցումները՝ ներառյալ մեծ տվյալների վերլուծությունը, որակական մեթոդների հետ՝ ապահովելու յուրահատուկ և ժամանակակից պատկերացումներ ինչպես ընթացիկ, այնպես էլ զարգացող ոլորտի հմտությունների կարիքների վերաբերյալ:
«Ուսումնասիրությունը միավորում է գրասեղանային ուսումնասիրությունները, արտոնագրերի և մատենագիտական տվյալների բազաների մեծ տվյալների վերլուծությունը և որակական հետազոտությունը (ֆոկուս խմբեր և հարցազրույցներ) հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու այն հմտությունների մանրամասն գնահատականը, որոնք անհրաժեշտ կլինեն երկրի շինարարության ոլորտում կարճաժամկետ և միջնաժամկետ ժամանակահատվածում:
Ուսումնասիրությունը նաև քննարկում է նորարարության և հմտությունների զարգացման ճանապարհին կանգնած խոչընդոտները, որոնք պետք է հաղթահարվեն, եթե ոլորտը ցանկանում է օգտվել նոր տեխնոլոգիաներից, որոնք ավելի ու ավելի տարածված են դառնում համաշխարհային շինարարության ոլորտում»,- ասել է Ումմուհան Բարդակը:
Մասնագետների խոսքով՝ ոլորտի ապագա հմտություններին համապատասխանելու համար Հայաստանում կպահանջի իրականացնել հետևյալ միջոցառումները՝
Ընդլայնել ոլորտում վերապատրաստման ենթակառուցվածքը, այդ թվում' ուսումնական հաստատությունների թիվը, որպեսզի շինարարական տարբեր մասնագիտությունների և մասնագիտությունների գծով ուսուցման հասանելիությունը լայնորեն հասանելի լինի ամբողջ երկրում:
Գնահատել աշխատուժի առկա հմտությունները՝ հաշվի առնելով, որ ոլորտի աշխատուժը զգալի չափով չունի ֆորմալ որակավորում:
Ուսումնասիրությունն իրականացվել է 2022 թվականի մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:
Կարծիքներ