Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին անհատույց կտրամադրվի բնակարան. նախագիծ
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը:
2022 թ. հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն ծառայողական բնակարաններ:
20 տարվա զինծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին տրամադրվելու է անհատույց սեփականության իրավունքով:
Պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվելու է նրա ընտանիքի անդամներին:
Գործընթացն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանել 20 տարի:
Առաջարկվող կարգով բնակարան ստացած զինծառայողների վրա չեն տարածվելու ծառայության ընթացքում արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման և զոհված, մահացած կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակառու ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների համար նախատեսված բնակարանային ապահովության կարգերը:
ԱԺ հուլիսի 6-ի արտահերթ նստաշրջանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները ներկայացնելով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ զինծառայողը Երևանում կստանա 3 սենյականոց բնակարան, որի առավելագույն արժեքը սահմանված է 28.5 մլն դրամ: 2026 թ. ուսումնառությունն ավարտելուց հետո վերջինս կստանա բնակարան և կտնօրինի մինչև ծառայության ավարտը, բացառությամբ այն վաճառելու իրավունքի: Սպան սեփականության իրավունք կստանա 20 տարվա զինվորական ծառայությունից անմիջապես հետո: Նախարարը տեղեկացրեց, որ սպան կարող է նաև բնակարանը հանձնել վարձակալության՝ հաշվի առնելով Երևանում և մարզերում վարձակալության գների տարբերությունը:
Պատգամավորների հարցադրումներն առնչվել են բնակարանների ձեռքբերման կարգին, արտերկրում զինվորական ծառայություն ստացած և մեր երկրում ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողների՝ այս կարգից օգտվելու հնարավորությանը, օրենքի հետադարձ ուժ ունենալուն և այլն:
Սուրեն Պապիկյանը պարզաբանեց, որ առաջիկայում Կառավարությունը կքննարկի բնակարանների ձեռքբերման կարգը և ձևը: Նախարարը տեղեկացրեց, որ բնակարանների տրամադրման այս կարգը կվերաբերի նաև գործընկեր երկրների ռազմական ուսումնական հաստատություններում ուսանած երիտասարդներին: Այդ երկրների հետ մեր պետությունը համագործակցում է: Օրենքի հետադարձ ուժ ունենալու մասով նախարարը տեղեկացրեց, որ մյուս զինծառայողների համար գործում է այլ կարգ: Կառավարությունն արտոնյալ պայմաններ է սահմանել զինվորական ծառայություն անցնող սպաների համար: Վերջիններս բավականին մատչելի տարբերակով օգտվում են հիփոթեքային վարկավորումից: Բանկերը նրանց տրամադրում են 7 տոկոս տոկոսադրույքով վարկ, որի 3 տոկոսը սուբսիդավորում է Կառավարությունը:
Գործադիրը վճարում է նաև բնակարանի արժեքի 10 տոկոս կանխավճարը: Կառավարությունն այդ նպատակով տարեկան 500 տեղ է հատկացնում: Ներկայացնելով արտոնյալ կարգավիճակ ունեցող զիծառայողներին՝ նախարարը նշեց, որ այդ շարքում են նախկինում հերթագրված ու բնակարանի սպասող սպաները և 2-րդ, 3-րդ ու 4-րդ կուրսերում սովորող ուսանողները: Սուրեն Պապիկյանի խոսքով՝ սպա դառնալուն պես վերջիններս կարող են հայտ ներկայացնել և առանց վիճակահանության մասնակցել վերոնշյալ ծրագրին:
Կարծիքներ