ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը դադարեցրել է ամբողջ աշխարհում ծրագրերի ֆինանսավորումը

ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը ստիպված է դադարեցնել ավելի քան 2000 ծրագրերի ֆինանսավորումն ամբողջ աշխարհում, քանի որ կորցրել է իր միջոցների հասանելիությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարությունը հրապարակված է կազմակերպության կայքում։
«Ժողովրդավարության ազգային հիմնադրամին ներկայում հասանելի չեն ԱՄՆ Կոնգրեսի կողմից հատկացված միջոցները, որոնցով ֆինանսավորում են նրա գրեթե բոլոր դրամաշնորհային ծրագրերը և գործառնությունները: Սրա հետևանքով, իր գոյության 40 տարիների ընթացքում առաջին անգամ կազմակերպությունը չի կարողացել կատարել իր պարտավորությունները և ստիպված է դադարեցնել աջակցությունը շուրջ 2000 գործընկերների ամբողջ աշխարհում», - ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ:
Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը հավելում է, որ կազմակերպության միջոցների 95%-ն ուղղակիորեն հատկացված է Կոնգրեսի կողմից, հետևաբար, դա չի կարող համարվել արտաքին օգնություն և չպետք է ենթարկվեր 90 օրով արտաքին օգնությունը սառեցնելու ԱՄՆ վարչակազմի հրամանի գործողությանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID) հետո դադարեցրել է նաև Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորումը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն, ըստ տեղեկությունների, դադարեցրել է հիմնադրամի ֆինանսավորումն Իլոն Մասկի գլխավորությամբ գործող ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության հրահանգով։ 2025 ֆինանսական տարում Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամին նախատեսվում էր տրամադրել 315 միլիոն դոլար։
Կարծիքներ