Մեկնարկել է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթը
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթը, որն ուղղված է գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում երկակի նշանակության հետազոտությունների իրականացմանը և այդ ոլորտում կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը։
Մրցույթը նպատակ ունի աջակցել երկակի նշանակության նոր տեխնոլոգիաների ստեղծմանը և դրանց պատրաստիության մակարդակի բարձրացմանը, նպաստել ռազմական արտադրության մեջ գիտական հետազոտությունների արդյունքների կիրառմանը, զարգացնել գիտական և ռազմարդյունաբերական գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև երկակի նշանակության գիտահետազոտական աշխատանքներում ներգրավել երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների:
Նախատեսվում է հրավերում նշված բնագավառների մասնագիտություններով գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար 24 ամիս տևողությամբ դրամաշնորհներ տրամադրել 4-7 անձից բաղկացած գիտական խմբերի՝ ղեկավարների նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված թեմաներին: Ներկայացվող գիտական նախագիծը պետք է լինի հեռանկարային և իրագործելի, լինի կիրառելի ինչպես քաղաքացիական նպատակների, այնպես էլ ռազմական կարիքների համար։
Խմբի անդամները չեն կարող ընդգրկվել մրցույթին ներկայացված մեկից ավելի հայտերում։ Նրանցից առնվազն երկուսը կարող են լինել բակալավրիատի առնվազն երրորդ կուրսի ուսանողներ:
Ֆինանսավորման մեկնարկը նախատեսվում է 2024թ․ սեպտեմբեր ամսից։
Մրցույթի մասնակցության հայտը լրացնում և ներկայացնում է գիտահետազոտական խմբի ղեկավարը https://grants.hesc.am համակարգի միջոցով մինչև 2024 թվականի մայիսի 24-ը: Հայտերի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:
Պահանջվող փաստաթղթերը կոմիտե են ներկայացվում առձեռն աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 808 սենյակ), մինչև 2024 թվականի մայիսի 31-ը ներառյալ:
Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության փորձարարական մշակումների և ինովացիոն ծրագրերի բաժնում աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-18:00, հեռ.՝ +374 10 210 140 (105):
Կարծիքներ