Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներին՝ քննարկելու «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները:
Հանդիպմանը ներկա են եղել Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության՝ երեխաների իրավունքների հարցերով համագործակցության և կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը, ԵԽ ծրագրի հայաստանյան ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության բարձր մակարդակն ու դրա հետագա զարգացումը: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչների կարիքներին՝ Արթուր Մարտիրոսյանը նախ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը՝ միտված նրանց հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ կրթության իրավունքի իրացմանը:
Փոխնախարարի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող ընդգրկվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում, ապահովվել է ավելի քան 900 ուսանողի կրթության շարունակականությունն ուսումնարաններում և քոլեջներում, ևս 1834 ուսանողի՝ բուհերում, որոնց տրամադրվել է ուսման վարձի փոխհատուցում: Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորություն է ընձեռվել նաև այն ուսանողներին, որոնց ուսման վարձը նախկինում վճարվել է ԼՂ իշխանությունների կամ նրանց ընտանիքների կողմից:
Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության երեխաների իրավունքների հարցերով համագործակցության և կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել՝ «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրով նախատեսվում է իրականացնել երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների վերապատրաստումներ ու ստեղծել կարողությունների զարգացման ձեռնարկ՝ նախատեսված թե՛ ուսուցիչների, թե՛ սոցիալական աշխատողների համար: Այս համատեքստում կարևորվել է ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությունը:
Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նմանօրինակ ձեռնարկը բուհական համակարգում ներառելու հնարավորությունը՝ երկարաժամկետ զարգացման հեռանկարում: Նա տեղեկացրել է՝ դպրոցներում սեպտեմբերից պարտադիր է հոգեբանի հաստիքը, գործում են Հանրապետական մանկավարժահոգեբանական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, սակայն մարտահրավերային իրավիճակները պահանջում են նոր ջանքեր, ինչպես նաև վերապատրաստման նոր ծրագրեր՝ այս կառույցների ներգրավմամբ:
«Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի հայաստանյան ղեկավար Արտյոմ Սեդրակյանն ընդգծել է՝ հիմնական ուշադրությունն ուղղվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված հատկապես այն երեխաներին, որոնք մնացել են առանց ընտանեկան և ծնողական խնամքի:
Արթուր Մարտիրոսյանն աշխատանքների կազմակերպման արդյունավետության նպատակով կարևորել է դաշտում նմանօրինակ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների սերտ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարծիքներ