Ավտոբուսների համընդհանուր «բրոնյա» է արվում, բիզնեսմեններին ստիպում են ֆինանսավորել. Իոաննիսյանը ահազանգում է
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության տարածած հայտարարության, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ծառացած արտաքին և ներքին սպառնալիքների մասին:
- Պարո՛ն Իոաննիսյան, Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվում են ճնշումներ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնել: Բոլորի՞ համար է ընկալելի, թե խոսքը որ երկրի մասին է, և ինչ նպատակով է սա արվում, և, որ ամենակարևորն է, ինչ վտանգներ է պարունակում։
- Ես ցավում եմ, որ ՀՀ պետական մարմինները ամեն կերպ խուսափում են Ռուսաստան և ФСБ եզրույթները օգտագործելուց, որովհետև, կարծում եմ, եկել է ժամանակը իրերն իրենց անունով կոչելու: Ցավալի է, որ արտաքին հետախուզական ծառայության զեկույցում նշված չէ Ռուսաստան անվանումը, թեև բոլորի համար ակնհայտ է, որ խոսքը ՌԴ-ի մասին է։ Պետք է ասեմ, որ մեծ հաշվով Արտաքին հետախուզական ծառայության հայտարարության մեջ նշված տեղեկությունները մենք էլ ունեինք, շաբաթներ առաջ տեսնում էինք այդ երևույթը: Առաջին անգամ է, որ մենք ընտրությունների ժամանակ դիտարկում ենք ոչ միայն ՀՀ սահմաններից ներս տեղի ունեցող պրոցեսները, այլ նաև ՀՀ սահմաններից դուրս տեղի ունեցողներն այն երկրներում, որտեղ ՀՀ ընտրությունների կոնտեքստում կարող է խնդրահարույց լինել: Մենք ավելին ենք տեսնում, քան Արտաքին հետախուզական ծառայության հայտարարությունն է: Մասնավորապես տեսնում ենք, որ ՀՀ-ում ավտոբուսների համընդհանուր մոբիլիզացիա, «բրոնյա» է արվում՝ մայիսի վերջի և հունիսի սկզբի համար, ընդ որում՝ այդ երևույթը այնքան մեծ ծավալներ ունի, որ, ճիշտն ասած, տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում որքան ավտոբուս կա, բոլորը փորձում են ամրագրել այդ օրերի համար՝ օտար երկրներից ընտրողներին դիմավորելու և ուղեկցելու նպատակով:
- Այսինքն՝ միայն ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացիների մասին չէ՞ խոսքը:
- Ռուսաստանից և Վրաստանից: Պետք է ասեմ, որ եթե Ռուսաստանում այդ կազմակերպչական գործողություններում ազդեցություն ունեն պետական մարմինները, այդ թվում՝ Անվտանգության դաշնային ծառայությունը, ապա Վրաստանի պարագայում չենք տեսնում Վրաստանի պետական մարմինների կողմից նման դրսևորում: Վրաստանում դա որոշակի շրջանակներ են անում (հիմնականում հայկական), որոնք կապ չունեն Վրաստանի իշխանությունների հետ: Երևույթները մենք հստակ դիտարկում ենք թե՛ Վրաստանում, թե՛ ՌԴ-ում. ընտրողների ցուցակագրում, մեր աղբյուրները փոխանցում են ընտրողներին ընտրակաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ, լոգիստիկ հարցերով են զբաղվում, ընդ որում՝ վաղուց՝ փետրվարի սկզբից, մենք արդեն ունեինք այդ տեղեկատվությունը, որ լոգիստիկ խնդիրների լուծմամբ ՌԴ ուղղությամբ զբաղվում են, թե ոնց են մեծ քանակի ընտրողների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու, և հիմա արդեն տեսնում ենք հստակ գործողություններ՝ ավտոբուսների մոբիլիզացիա, նաև այլ դրսևորումներ:
- Վերոնշյալը արդյոք վտանգավոր չէ՞ ազգային անվտանգության տեսանկյունից, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, ինչպիսի՞ն պետք է լինեն ՀՀ-ի արձագանքը և համապատասխան քայլերը:
- Իհարկե, օտարերկրյա միջամտությունը Հայաստանի ընտրություններին (ՌԴ-ի դեպքում կոնկրետ պետական մակարդակով միջամտության մասին է խոսքը) ազգային անվտանգության տեսանկյունից խնդիր է, և պետական մարմինները իրենց լիազորությունների սահմաններում պետք է հակազդեն այս երևույթներին: Այս առումով մենք ողջունում ենք ՆԳՆ ոստիկանության ներկայացրած հաղորդումը Քննչական կոմիտե, մենք այլ հոդվածով հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու Քննչական կոմիտե, մասնավորապես՝ կուսակցությունների ապօրինի ֆինանսավորման մասով, որովհետև ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը պարտադրում է ինչ-որ անձանց (հայազգի բիզնեսմենների) ֆինանսավորել այստեղ քաղաքական գործունեությունը: Նույն ավտոբուսների հետ կապված խնդրով էլ պետք է իրավապահները զբաղվեն, որովհետև որքան էլ այս պահին դեռևս ամրագրումների մասին է խոսքը, սակայն եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես ըստ մեր ունեցած տվյալների՝ պլանավորում են իրականացնողները, ապա այդտեղ լինելու են Քրեական օրենսգրքով արգելված արարքներ, և այս առումով իրավապահները պետք է իրենց գործիքակազմերը կիրառեն նշված արարքները խափանելու, հանցագործության փորձ կատարող անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ:
- Պարո՛ն Իոաննիսյան, նկատած կլինեք, որ վերջին շրջանում թիրախավորվում է նաև ԵՄ-ի կողմից հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ ՀՀ-ին տրամադրվող օգնությունը: Մոսկվայից ենք պարբերաբար նման հայտարարություններ լսում, թե ՀՀ-ն գնալու է մոլդովական սցենարով, այսինքն՝ ընտրությունները կեղծելու ճանապարհով: Նույն բանի մասին հետաքրքիր զուգադիպությամբ խոսում են նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, թե իշխող ուժը գնալու է ընտրությունը կեղծելու ճանապարհով։ Նմանօրինակ հայտարարությունների նպատակը ո՞րն է՝ կասկածի տա՞կ առնել ընտրությունների լեգիտիմությունը:
- ՌԴ նպատակների մեջ մտնում է նաև ՀՀ-ում ընտրությունների ապալեգիտիմացումը, որը շատ տեսանելի է, և այդ ուղղությամբ տեսնում ենք որոշակի դերակատարների գործողություններ: Մոլդովայում ընտրությունների կեղծման վերաբերյալ որևէ փաստ չկա, այնտեղ ընտրություններից դուրս դրված կուսակցությունը այնպես չէ, որ որևիցե հարցմամբ ինչ-որ դրական արդյունքներ էր ունենալու, եթե անգամ ընտրապայքարից չհանվեր: Մոլդովայում ընտրությունների կեղծման և այդ ուղղությամբ տարբեր այլ գործողություններ փորձել է իրականացնել ՌԴ-ն, դրանք մասամբ հաջողվել են, մասամբ՝ խափանվել, բայց Մոլդովայում ընտրությունները կեղծելու լուրերը, մեղմ ասած, սուտ են և չեն համապատասխանում անկախ դիտորդների գնահատականներին:
Ավելին՝ սկզբնաղբյուրում


Կարծիքներ