ՀՌՀ-ում բացվեց Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կենտրոնը
Հայ-ռուսական համալսարանում սեպտեմբերի 23-ին բացվեց Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոնը: Կենտրոնի հիմնական նպատակն է պատրաստել բարձր որակավորում ունեցող մրցունակ մասնագետներ գենոմիկայի և գենոմի խմբագրման նորարարական ուղղությամբ, ապահովել գենային տեխնոլոգիաների ժամանակակից զարգացումներին համապատասխան գիտակրթական գործունեություն և պատրաստել գործատուի պահանջներին համապատասխանող շրջանավարտներ:
Կենտրոնի բացման արարողությանը մասնակցեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ով նշեց, որ բարձրագույն կրթությունը և գիտությունը մի ամբողջականություն են և դրանց չի կարելի առանձին-առանձին դիտարկել. չկա որակյալ բարձրագույն կրթություն առանց գիտության և, հակառակը՝ չի կարող լինել գիտություն, եթե չկա որակյալ բարձրագույն կրթություն:
«Այս առումով նման լաբորատորիայի բացումը ողջունելի է, դա մեծ նվաճում է: Կենտրոնը կրթական գործընթացում խիստ անհրաժեշտ է: Բոլոր բնագավառներում պետք է շարունակենք մեր այս մոտեցումները, որպեսզի կրթական հաստատություններում լաբորատոր ապահովվածություն լինի, առանց որի ուղղակի դժվար է պատկերացնել և՛ կրթական մասը, և՛ հետազոտական մասը»,- ասաց Դումանյանը:
Նախարարը հաջողություն մաղթեց ուսանողներին և գիտնականներին, ովքեր կմասնակցեն հետազոտական գործընթացներում:
Ծրագրով անցնող ուսանողները կստանան տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ, մեթոդական կարողություններ գենոմային ճարտարագիտության և կենսաբժշկության ոլորտներում:
Ծրագիրն իրականացվում է նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում:
Կարծիքներ