Չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա կամ ընդհանրապես կտրված է կամ շրջափակման մեջ է. Նիկոլ Փաշինյան

Չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա կամ ընդհանրապես կտրված է կամ շրջափակման մեջ է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին խնդրեց տեղեկություն ներկայացնել Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցման վերաբերյալ: Գրում է «Հայկական ժամանակը»։

«Պարբերաբար սոցցանցերում և մամուլում տեսնում ենք պնդումներ, թե Սյունիքում կան գյուղեր, որոնք հայտնվել են շրջափակման մեջ։ Ունե՞նք գյուղեր, որոնք շրջափակման մեջ են գտնվում։ Եթե չունենք նման գյուղեր, որտեղի՞ց է այդ տեղեկատվությունն ամենօրյա ռեժիմով շրջանառվում մամուլում և սոցցանցերում»,- հարց հնչեցրեց Կառավարության ղեկավարը:

Արձագանքելով վարչապետին՝ Գնել Սանոսյանն ասաց՝ կա 7 ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսում են. մեկը Տաթև-Աղվանին է, որն ավարտված է և արդեն երթևեկելի:

«Նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում։ Հիմա երկու շերտն է տեղադրված։ Գարնանը, եթե որոշ թերություններ լինեն, կշտկենք, երրորդ շերտը կտեղադրվի։ Մյուս 6 հատվածներում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այդ 6 հատվածներից մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կմ է։ Ճանապարհի մի մասը մոտ 3,5-4 կմ է, իսկ մյուս հատվածներում շարունակվում են բարեկարգման, ճանապարհի անցանելիության կարգավորման և անհրաժեշտության դեպքում նաև խճապատման աշխատանքները»,- ասաց նախարարը։

Սանոսյանը նշեց, որ կկառուցեն Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որն ավելի հեշտ ու մատչելի կլինի: «Շարունակվում են Տաթև-Լծեն 19,9 կմ ճանապարհների աշխատանքները»,- ասաց Սանոսյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց՝ այդ բոլոր ուղղություններով պետք է օր առաջ ունենալ գրունտային վիճակ՝ հավելելով, որ ևս մեկ-երկու լրացուցիչ ճանապարհ կառուցելու ծրագիր ունեն, որը հիմա կսկսեն իրագործել:

«Չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա կամ ընդհանրապես կտրված է կամ շրջափակման մեջ է»,- վստահեցրեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում