Ուզբեկաստանն արգելել է մի շարք երկրների քաղաքացիների ավիատարանցումը Բելառուս
Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին Ուզբեկստանը դադարեցրել է հնարավոր ներգաղթյալների տարանցումը։ Նոյեմբերի 17-ին Իրաքի, Սիրիայի, Աֆղանստանի, Եմենի, Լիբանանի, Լիբիայի քաղաքացիների համար Ուզբեկստանի տարածքով Բելառուս օդային տարանցման ժամանակավոր արգելք է սահմանվել, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
«Նոյեմբերի 17-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում Իրաքի, Սիրիայի, Եմենի, Լիբանանի, Լիբիայի և Աֆղանստանի քաղաքացիների տարանցիկ ուղևորների համար՝ Ուզբեկստանի Հանրապետության տարածքով Բելառուսի Հանրապետության տարածք մուտք գործելու համար», – ասել է «Ուզավիացիայի» ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Ուզբեկստանի տարածքից Բելառուս թռիչքներ իրականացնող ավիաընկերությունները պետք է ժամանակավորապես սահմանափակեն նշված երկրների քաղաքացիներին ավիատոմսերի վաճառքը։
«Այս ժամանակավոր սահմանափակումը չի տարածվում դիվանագիտական անձնագրեր ունեցողների և վերոնշյալ երկրների այն քաղաքացիների վրա, ովքեր բնակության թույլտվություն ունեն Բելառուսի Հանրապետությունում»,- հավելել է գործակալությունը։
Հիշեցնենք՝ Բելառուսի և Լեհաստանի սահմանին վերջին շաբաթներին իրավիճակը սրվել է Եվրոպա մուտք գործել ցանկացող մի քանի հազար ներգաղթյալների կուտակման պատճառով։ Լեհաստանի իշխանություններն ուժեղացրել են սահմանային հսկողությունը և կանխում են ներգաղթյալների փորձերը՝ ներխուժել իրենց երկրի տարածք։ Արևմուտքը ստեղծված ճգնաժամի համար մեղադրում է Մինսկին։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովից հայտնել էին, որ ԵՄ-ն կապվում է մի շարք ավիաընկերությունների հետ, որոնք կարող էին անօրինական ներգաղթյալներին տեղափոխել։
Կարծիքներ