ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության ներկայացուցիչների հետ քննարկել են ձերբակալված անձանց պահման վայրերի բարելավման հարցերը
Հուլիսի 27-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ ոստիկանության շտաբի ներկայացուցիչների հետ. ներկայացված է ՄԻՊ ֆեյսբուքյան էջում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության բաժիններում և ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքում արձանագրված խնդիրների լուծման հնարավոր մեխանիզմները:
Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել ՁՊՎ-ների շենքային, կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման հետ կապված հարցերը, նախատեսվող վերանորոգման աշխատանքները, արտաքին աշխարհի հետ կապի ապահովումը, ՁՊՎ-ներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը, հաշմանդամություն ունեցող ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը և այլ հարցեր:
Շեշտադրելով խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված ջանքերը՝ քննարկվել են ՁՊՎ ընդունվող ազատությունից զրկված անձանց բժշկական զննության ենթարկելու նպատակով շտապ բժշկական օգնության ծառայության հետ համագործակցությանը, համապատասխան ձևաթղթերի մշակմանը և վերապատրաստումների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ոստիկանության ծառայողների, ինչպես նաև ՁՊՎ-ներում բժշկական սպասարկում իրականացնող անձնակազմերի համար խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման թեմայով վերապատրաստման դասընթացներ անցկացնելու շուրջ՝ դրա առաջնահերթությամբ պայմանավորված:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բարձր է գնահատում ՀՀ ոստիկանության շտաբի հետ ձևավորված կառուցողական համագործակցությունը:
Կարծիքներ