Արցախում վիրավորված 19 զինվորներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից
Արցախի Հանրապետության սահմանային հատվածում օրերս ադրբեջանական ստորաբաժանումների սադրանքի հետևանքով 19 վիրավոր զինվորներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Մյուս զինծառայողները շարունակում են բուժում ստանալ: 10 վիրավոր զինծառայող բուժումը ստանում է Երևանում, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը. վերջինիս առողջական վիճակում նկատվում է դրական շարժ: Մյուս 9 զինծառայողներից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, վերջինս ապաքինվում է, 3-ինը՝ միջին ծանրության, ընդգծեմ, որ նույնպես ապաքինվում են, մյուսներինը գնահատվում է թեթև, եւս՝ ապաքինվում են:
Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: 19 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
Կարծիքներ