Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի Աճառյան փողոցում և Առինջ գյուղում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ
ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել օգոստոսի 6-ի երեկոյան Երևանի Աճառյան փողոցում և Առինջ գյուղում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։ Առինջում պարեկների նկատմամբ բռնություն է գործադրվել։ Դեպքերի վերաբերյալ ոստիկանությունը հայտարարել է, որ յուրաքանչյուր հակաիրավական արարքի տրվելու է համապատասխան քրեաիրավական գնահատական, տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Օգոստոսի 6-ին, ժամը 21.30-ի սահմաններում, մայրաքաղաքի Աճառյան փողոցում ծառայություն իրականացրած պարեկները կրակոցների ձայն են լսել, ինչից անմիջապես հետո մեծ արագությամբ նրանց կողքով ընթացել է «Տոյոտա» մակնիշի մի ավտոմեքենա: Ենթադրելով, որ կրակոցները հնչել են հենց այդ մեքենայից, պարեկները շարժվում են «Տոյոտայի» հետևից: Առինջ գյուղի սկզբնամասում նրանք նկատում են մեքենան, որի շուրջը հավաքված էին 20-25 հոգի: Պարեկները մոտենում և պահանջում են հայտնել մեքենայի վարորդի տվյալները, սակայն երիտասարդները չեն ենթարկվում նրանց օրինական պահանջին, հնչեցնում են հայհոյանքներ, ձեռքերով ու ոտքերով խփում նրանց, նույնիսկ թույլ չեն տալիս նստել ծառայողական ավտոմեքենան, նաև վնասում են մեքենան:
Րոպեներ անց օգնության է հասնում պարեկային նոր կարգախումբ, և երիտասարդներից երկուսը` 28 ու 32 տարեկան, Առինջ գյուղի բնակիչներ, ձերբակալվում ու տեղափոխվում են ոստիկանություն:
Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով` պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը և հրազենի ապօրինի շրջանառությունը:
Աճառյան փողոցում հայտնաբերվել են պարկուճներ և այլն։ Առինջ գյուղում հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան։
Հորդորում ենք բոլորին` ոչ մի պարագայում չխոչընդոտել ոստիկանության ծառայողների աշխատանքը. յուրաքանչյուր հակաիրավական արարքի տրվելու է համապատասխան քրեաիրավական գնահատական»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ