Քրեական վարույթի շրջանակում պարզվում են Ծիլքար գյուղի գազալցակայանի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հանգամանքները
2023 թ․ հուլիսի 26-ին ժամը 18:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի գազալցակայանի, մոտ միմյանց են բախվել Երևան քաղաքի բնակչի կողմից վարած՝ Երևան-Վանաձոր ուղևորափոխադրում իրականացնող «MERCEDES-BENZ SPRINTER 313CDI» մակնիշի և Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի բնակչի կողմից վարած «Գազ–53» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Գազ–53»-ի վարորդը և «MERCEDES-BENZ SPRINTER 313CDI» մակնիշի 17 ուղևորներ, որոնցից 3-ը՝ անչափահաս, ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարանի բժշկական կենտրոն»:
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, դեպքի առթիվ 26.07.2023 թ. ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, ստուգվել է վարորդների սթափության աստիճանը, որոնք եղել են սթափ, նշանակվել են փորձաքննություններ։
Բոլոր ուղևորները ճանաչվել են տուժող։ Ներկա պահին բուժհաստատությունում շարունակում է լինել և ստացիոնար բժշկական օգնություն ստանալ 2 քաղաքացի։ Մյուսները դուրս են գրվել։
Նախաքննությունը շարունակվում է, անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ են կատարվում դեպքի հանգամանքները, ավտովթարի առաջացման պատճառները պարզելու, տրանսպորտային միջոցները վարողների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
Կարծիքներ