Ամբիոնի վարիչը կաշառք է վերցրել․ Շիրակի քրեական հետախույզների օպերատիվ տվյալը հաստատվել է
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ «Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչը դիպլոմային աշխատանքները դրական գնահատելու համար հեռակա ուսուցման հինգերորդ կուրսի ուսանողներից պահանջել և որպես կաշառք ստացել է տարբեր չափի գումարներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, տեղեկությունները ստուգելու նպատակով Շիրակի քրեական հետախույզները համագործակցել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ: «Պարզվեց, որ համալսարանի չորրորդ կուրսի երկու ուսանողներ, կիսամյակի քննությունները դրական գնահատվելու համար, նրան տվել են 60-հազարական դրամ, մագիստրոսական թեզը պաշտպանելու նպատակով երեք ուսանողներ տվել են 170-հազարական դրամ, ևս 14 ուսանողներ դրական գնահատականի ակնկալիքով տվել են 20-հազարական դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հունիսի 7-ին կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ