Փաշինյանը խոսել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու ջանքերի մասին

Հայաստանը բոլոր` այդ թվում Ադրբեջանի հետ բանակցություններում, բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախորդ օրը կազմակերպված ակցիային, որի մասնակիցներն ԱԳՆ-ից պահանջում էին հավաքել Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին ու բարձրացնել այդ հարցը:
«Իհարկե, զգացմունքային մակարդակով այդ բոլոր զգացմունքները կիսում եմ և հասկանում եմ մարդկանց պահանջները և արձանագրումները, որոնք արվում են»,-ասել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է՝ թե՛ ԱԳՆ-ն, թե՛ ինքը հանդես են եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս:
«Այդ ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ: Բայց ուզում եմ մի բան արձանագրենք. մենք աշխարհն ավելի լավ իմանալու և ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է, որ բոլոր դեսպաններին հրավիրեցինք ու ձևակերպեցինք, նրանք դուրս են գալու ու դրանից հետո հարցը լուծվելու է: Այդպես չէ: Այս համատեքստում և բոլոր համատեքստերում մենք աշխարհն ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք՝ ինձնից սկսած: Սենտիմենտները սենտիմենտներ, բայց նաև պետք է փորձենք գործել բանաձևերով»,-ասել է վարչապետը:
Նա վստահեցրել է, որ բոլոր բանակցություններում այդ հարցերը բարձրացնում ենք:
«Ընդ որում, մենք այդ հարցերը բարձրացնում ենք նաև Ադրբեջանի հետ բանակցություններում: Այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում, արդյունք չեն տվել, չեն երևում»,-ասել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է 2023-ի դեկտեմբերին 32 գերիների վերադարձի մասին՝ նշելով, որ մինչև վերջին վայրկյանն այդ ջանքերը չեն երևացել: Վարչապետը հավելել է, որ մինչև վերջին վայրկյանը չէին շտապում հրապարակել այդ մասին, քանի որ չգիտեին՝ այդ ջանքերը արդյունք տալո՞ւ էին, թե՞ ոչ:
Վարչապետը նշել է՝ ընդդիմության կողմից բարձրաձայնվող որոշակի հայտարարություններ չի անում, քանի որ դրանք ավելի են վնասելու գործին:
«Ես, եթե գոնե 70 տոկոսից բարձր վստահություն ունենամ, որ դա օգուտ է տալու գործին, ինձ համար բարդ չէ դա ասելը: Բայց ես 100 տոկոս վստահություն ունեմ, որ դա ասելն ընդամենը վնաս է տալու գործին, վնաս է տալու այդ մարդկանց»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ խոշտանգումների մասին տեղեկություններն արդեն իսկ բացահայտ են:
Նա նկատել է, որ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունն ավելի հստակ էր:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա ավելի հստակ հայտարարություններ չէին արվում՝ Փաշինյանն ասել է.
«Մենք չէինք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում և այլն: Ինչո՞ւ ենք հիմա հայտարարություն անում, որովհետև տեսնում ենք, որ այլևս սադրել չենք կարող, որովհետև դա արդեն տեղի է ունեցել»:
Կարծիքներ