Փարիզում սպասում են, որ Էրդողանը կդադարի վիրավորել Ֆրանսիային

Փարիզում սպասում են, որ Էրդողանը կդադարի վիրավորել Ֆրանսիային

Փարիզում սպասում են, որ Թուրքիայի ղեկավարությունը կդադարեցնի Ֆրանսիայի հասցեին վիրավորանքները, զրպարտությունները եւ սպառնալիքները, ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ ելույթ ունենալով Սենատում:

Նախարարն ասել է, որ Ֆրանսիան Թուրքիայի հետ տարաձայնությունների երկար ցուցակ ունի՝ նշելով Անկարայի միակողմանի գործողությունները Միջերկրական ծովի արեւելքում, ագրեսիվ քաղաքականությունը Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բայց վերջին շաբաթներին մենք Թուրքիայի հետ հարաբերություններում տեղափոխվեցինք դաշնակիցների համար անընդունելի մակարդակ: Վիրավորանքներ, զրպարտություններ, Ֆրանսիայի եւ Եվրոպայի դեմ ատելության արշավ սանձազերծելու ցանկություն..... Սպառնալիքներ: Մենք սպասում ենք, որ Թուրքիայի նախագահն ու նրա կառավարությունը անհապաղ վերջ կդնեն այս պահվածքին»,- ասել է Լե Դրիանը: «Մենք չենք հանդուրժի, որ Ֆրանսիայի տարածք տեղափոխվեն ատելությունն ու բռնությունը, որը տարածվում է փոքր խմբերի կողմից, որոնք չպետք է մեջբերման իրավունք ունենան: Նաեւ ուզում եմ ասել, որ Եվրոպայի երկրների միասնական արձագանքը ցույց է տալիս, որ սա ֆրանս-թուրքական վեճ չէ, այլ հարձակում է Եվրոպայի, նրա արժեքների, հիմնարար արժեքների մոդելի եւ իրավական պետության վրա»,- շարունակել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Հոկտեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր երկրի քաղաքացիներին կոչ էր արել դադարեցնել ֆրանսիական ապրանքների գնումը՝ երկու երկրների սրված հարաբերությունների ֆոնին: Դրանից մի քանի օր առաջ, Էրդողանի կողմից վիրավորանքներ հնչեցնելուց հետո, երբ նա հայտարարել էր, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը, ով առաջ էր քաշել «լուսավոր իսլամի» գաղափարը, պետք է «բուժի իր հոգեկանը», Փարիզը խորհրդակցությունների համար հետ էր կանչել իր դեսպանին Անկարայից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում