Անդրանիկ Քոչարյանը տեսնում է մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման անհրաժեշտություն
ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հայաստանում մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման անհրաժեշտություն է տեսնում:
Նա նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Քոչարյանը նախ նշեց, որ առավոտյան Ադրբեջանը, առևանգելով 6 հայ զինծառայողի, նոր իրողություն է առաջացրել, սահմանային շատ ծանր իրավիճակ Հայաստանի համար, ապագայում նաև՝ իրենց համար, տարածաշրջանի համար:
«Եվ ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլ նաև ՌԴ-ի հետ ունենք համագործակցության մի շարք պայմանագրեր, որոնք պետք է աշխատեն, և երևա, որ դրանք կենսունակ են նման խնդիրների գոնե կանխարգելման առումով»,-ասաց նա:
Քոչարյանը շեշտեց՝ կան իրավիճակներ, որտեղ որոշումները շատ երկար են կայացվում:
«Նախ նման իրավիճակներ չպետք է առաջանան, իսկ առաջանալու դեպքում որոշումները պետք է լինեն անմիջապես: Բայց պետք է նայենք, թե մենք ինչքանով ենք ի վիճակի ինքներս կանխել նման իրավիճակները: Կարծում եմ, ժամանակն է, որ մենք արդեն մտածենք մեր մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման մասին և բոլոր սցենարներն ունենանք մեր տեսադաշտում: Կարող է իրավիճակը նորից գնա բարդացման, մենք գտնվում են արտահերթ ընտրությունների շեմին, ընտրություններն էլ իրենց ներքին լարվածություններն են առաջացնում: Բայց իրականում մենք ունենք սահմանային լարվածության աճ, որը պետք է փորձենք կախել: Իսկ հետագա լարվածությունները կանխելու համար ոչ միայն մեր ԶՈՒ կառավարելիության մակարդակը պետք է ունենա թռիչքաձև բարձրացում, այլ նաև մոբիլիզացիոն ռեսուրսի կայացման անհրաժեշտության առջև ենք կանգնած»,- ասաց Քոչարյանը:
Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Կարծիքներ