Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 73-ի
Ճապոնիայի Նոտոյի թերակղզում տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 73-ի։ Փրկարարները փլատակներում շարունակում են որոնողական աշխատանքները՝ փորձելով հնարավորինս շուտ գտնել մարդկանց՝ նախքան կանխատեսված ցրտի և հորդառատ անձրևների սկսվելը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Japan Today պարբերականը հաղորդում է, որ փլատակներում դեռ տասնյակ մարդիկ կան։ Ըստ մասնագետների՝ մարդկանց փլատակներից հանելու համար առանցքային է առաջին 72 ժամը, որից հետո ողջ մնալու հույսերը գնալով նվազում են։
«Ավելի քան 40 ժամ է անցել։ Սա մրցավազք է ժամանակի դեմ, և կարծում եմ, մենք վճռական պահի ենք հասել։ Մենք հաղորդումներ ենք ստացել, որ փլուզված շենքերի տակ շատերը դեռ սպասում են փրկության», - լրագրողներին ասել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 3-ի առավոտյան ժամը 10։54-ին երկրաշարժից տուժած Իսիկավայի պրեֆեկտուրայում ևս մեկ՝ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հունվարի 1-ին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժին մինչ այս էլ հաջորդել էին տասնյակ հետցնցումներ։
Կարծիքներ