Անկախ տեղի ունեցած միջադեպից՝ Պոզները մտադիր է վերադառնալ Վրաստան
Լրագրող Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ անպայման կվերադառնա Վրաստան, չնայած իր վերջին այցի ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիային: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Իր սեփական կայքում հրապարակված գրության մեջ Պոզները Թբիլիսի այցելության պատճառով բնակիչների կողմից կազմակերպված ցույցը կապել է Վրաստանում անցկացվող քաղաքական պայքարի հետ: Այդ բողոքի ակցիան նա «շաբաշ» է անվանել:
«Նրանք հիշել են Աբխազիայի մասին իմ հայտարարությունը, որն արել եմ 3 տարի առաջ, որպեսզի իրենց ձայնը բարձրացնեն մեր ավտոբուսի վրա ձվեր նետելու ձևով։ Ըստ երևույթին, նրանց մոտ հավի ձու շատ կա»,-գրել է Պոզները:
Նա հավելել է, որ որոշել է հեռանալ Թբիլիսիից, որպեսզի չվտանգի իր ընկերների կյանքը և խոստացել է վերադառնալ Վրաստան:
«Ես ուզում եմ ամենայն հստակությամբ ասել, որ ես ոչ մի զայրույթ չունեմ Վրաստանի կամ վրացիների նկատմամբ»,- ընդգծել է լրագրողը:
Մարտի 31-ին Վրաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել հեռուստալրագրող Պոզների դեմ, որը Թբիլիսի էր ժամանել իր ծննդյան օրը նշելու համար: Ցուցարարները պահանջում էին, որ նա լքի երկիրը, քանի որ չի ճանաչում դրա տարածքային ամբողջականությունը: Նրանք շրջապատել էին հյուրանոցի շենքը, որտեղ Պոզներն ու իր ընկերներն էին հաստատվել, և ձվեր էին նետել շենքի վրա: Հաջորդ օրը Պոզները տեղեկացրել էր, որ վերադարձել է Մոսկվա:
Կարծիքներ