Համահայկական խաղեր. հայտնի են հանդբոլի և հրաձգության չեմպիոնները
Համահայկական ամառային 8-րդ խաղերը շարունակում են թեժ ընթացքը: Մի քանի մարզաձևերում պայքարն արդեն ավարտված է և հայտնի են չեմպիոնները:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի տեղեկեցմամբ անցած հանգստյան օրերին հայտնի են դարձել հանդբոլի և հրաձգության չեմպիոնները:
Հրաձգության մրցումներին մասնակցել են կանայք ու տղամարդիկ: Ատրճանակ 40 կրակոց ձևի մրցումներում սահմանված էր մրցանակային 3 տեղեր: Աղջիկների պայքարում լավագույն եռյակը գլխավորել են գյումրեցիները. 1-ին տեղում Լիլիթ Մկրտչյանն է, 2-րդ տեղում՝ Քնքուշ Գասպարյանը, եռյակը եզրափակել է երևանցի Աստղիկ Մխիթարյանը:
Տղամարդկանց պայքարում բացարձակ առավելությունը երևանցիներինն է՝ Գևորգ Մելքոնյան, Զավեն Իգիթյան և Գրիգոր Պողոսյան:
Համահայկական 8-րդ խաղերի հրաձգության մրցումները մեկնարկել էին օգոստոսի 7-ին։ Մասնակցել են 78 մարզիկներ 23 քաղաքներից՝ Երևան, Գյումրի, Հրազդան, Կապան, Վարդենիս, Մասիս, Լոռի, Թալին, Բյուրեղավան, Գորիս, Սպիտակ, Աբովյան, Ծաղկաձոր, Նաիրի, Չարենցավան, Մարտունի, Քեսաբ, Բուենոս Այրես, Ամստերդամ, Թբիլիսի, Պաբիանիցե, Բելխատա, Փարիզ։
Հանդբոլի մրցաշարի չեմպիոն է դարձել Վանաձորի թիմը: Եզրափակչում նրանք համառ պայքարում 32:22 հաշվով հաղթել են Երևանին:
Համահայկական 8-րդ խաղերի հանդբոլի մրցումները մեկնարկել էին օգոստոսի 3-ին։ Մրցաշարային աղյուսակում լավագույն եռյակը եզրափակում է Ալավերդին։ Գավառը 4-րդն, Հրազդանը 5-րդը, իսկ Գյումրին՝ 6-րդը։
Օգոստոսի 14-ից սկսվել են աթլետիկայի մրցումները, որոնք անցկացվում են Արտաշատի՝ վերակառուցված մարզադաշտում: Համահայկական խաղերը կտևեն մինչև օգոստոսի 19-ը:
Կարծիքներ