16 ավագ դպրոցում փորձարկվելու է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը. հիմքում մաթեմատիկայի խորացված ուսուցումն է

16 ավագ դպրոցում փորձարկվելու է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը. հիմքում մաթեմատիկայի խորացված ուսուցումն է

«Հաշվի առնելով աշխարհում արհեստական բանականության ոլորտի սրընթաց զարգացումներն ու մեր հավակնությունները կարևոր տեղ զբաղեցնելու աշխարհի ԱԲ քարտեզի վրա՝ մենք մեր գործընկերների հետ հանձն առանք այս ծրագիրը: «ԱԲ սերունդ»-ը կօգնի, որ մեր երեխաներն ու երկիրն ապագայում մրցունակ լինեն աշխարհի մակարդակով: Հավատում ենք, որ ծրագիրը հաջողելու է, և կարճ ժամանակում հասանելի է դառնալու հանրապետության բոլոր դպրոցներում, ինչն էլ կնպաստի երկրում համակարգային փոփոխությանը»,- ասել է FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:

Այս ուսումնական տարվանից ծրագրին միանալու են Արմավիրի մարզի երկու, Գեղարքունիքի` մեկ, Լոռու` երեք, Կոտայքի` չորս, Սյունիքի` մեկ, Շիրակի` երկու և Երևանի երեք կրթական հաստատությունները՝ ԱԲ կրթությունը հասանելի դարձնելով շուրջ 300 աշակերտի։

«ԱԲ սերունդ» ծրագիրը նպատակ ունի ստեղծելու արհեստական բանականության ոլորտի գիտնականի ու նորարարի կրթական ուղին՝ սկսած դպրոցից։ Ծրագիրը ներդրվում է ավագ դպրոցների 10-րդ դասարանում. աշակերտները կուսումնասիրեն խորացված մաթեմատիկա, ծրագրավորում՝ «Python» լեզվի հիման վրա, արհեստական բանականություն՝ ընդհանուր և խորացված ծրագրով: 10-րդ դասարանի ավարտին գիտելիքի ստուգման արդյունքներով աշակերտները կարող են շարունակել ԱԲ կրթությունը՝ խորացնելով գիտելիքները տարբեր ուղղություններով: Արդեն 12-րդ դասարանում կիրականացնեն պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում։

 

Ծրագիրը միտված է ապահովելու մասնագիտական կողմնորոշում՝ արհեստական բանականության (ԱԲ) հետազոտողի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման և այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։

 

Նախատեսվում են նաև դասավանդողների վերապատրաստումներ և մենթորական ծրագիր՝ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ։

 

Ծրագրի փորձարարական ժամկետ է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոս ամիսը, որից հետո այն նախատեսվում է ընդլայնել ու հասանելի դարձնել ավելի շատ դպրոցների և մեծաթիվ աշակերտների համար:

 

Միջոցառման ավարտին «Արհեստական բանականության սերունդ» ծրագրում ընդգրկված դպրոցների տնօրեններին հանձնվել են հավաստագրեր:

 

«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրում ընդգրկված են Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ․ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը, «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցը, Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ․ Աբրահամյանի անվան ավագ դպրոցը, Լոռու մարզի ՀԱՊՀ հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը, Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցը, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը, Կոտայքի մարզի Չարենցավանի Մ․ Մաշտոցի անվան ավագ դպրոցը, Հրազդանի Հ․ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցը, Հրազդանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը, Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցը, Սյունիքի մարզի Կապանի թիվ 2 ավագ դպրոցը, Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը, Գյումրու տնտեսագիտական վարժարանը, Երևանի թիվ 198 ավագ դպրոցը, Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցն ու Եվրասիա հենակետային վարժարանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում