Այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է. ՀՀ վարչապետ
Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված: ՀՀ անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը միջազգային հանրությանն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններ հասցեական հայտարարություններ ընդունել: «Սահմանային վեճերի մասին խոսակցություններն անհեթեթ են և անիմաստ: Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով: Եվ եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պիտի ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային հետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը: Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն և պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից: Սեփական կամքը ՀՀ-ին պարտադրելու հույսերը սին են: ՀՀ կառավարությունը և ժողովուրդը վճռական են, և մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունը և անկախությունը: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը և նախկինում մեր արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են: Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին»,- ասաց ՀՀ վարչապետը:
Կարծիքներ