Հրազդանի ոստիկանները դանակահարությունը բացահայտել են հաղորդումից երեք ժամ անց

Հրազդանի ոստիկանները դանակահարությունը բացահայտել են հաղորդումից երեք ժամ անց

Նոյեմբերի 25-ին, ժամը 21-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ գոտկատեղի ծակած-կտրած, թափանցող վերքով 22-ամյա երիտասարդ բուժօգնության է տեղափոխվել: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ:
Ոստիկանները նախ պարզել են, թե դանակահարությունը որտեղ է եղել, ապա հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով սկսել են դեպքի վայրում օպերատիվ հարցումներ իրականացնել։ Ձեռք բերված տեղեկություններն իրացնելով՝ Հրազդանի քրեական հետախույզները քաղաքի Վանատուր թաղամասից բաժին բերման են ենթարկել նույն թաղամասում բնակվող երկու եղբայրների։
Ավելի ուշ պարզվել է՝ ավագ եղբայրը, որ 21-տարեկան է, Հրազդան-Զովաբեր ճանապարհը հատող երկաթգծի հարևանությամբ անձնական հարցերի շուրջ վիճել էր տուժողի հետ և դանակահարել նրան։

Կասկածվողը ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Նա տվել է խոստովանական ցուցմունք: Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը, որը երիտասարդը նետել էր գետը։
Նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում