«Փառքի արահետով». հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան երրորդ գոյամարտում Արալեզ համայնքից անմահացած հերոսների
Արարատի մարզի Արալեզ համայնքում տեղի է ունեցել «Փառքի արահետով» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան երրորդ գոյամարտում Արալեզ համայնքից անմահացած յոթ հերոսներ՝ Զաքար Սերոբյանի, Նոյ Թևոնյանի, Սերոբ Իսրոյանի, Մհեր Խաչատրյանի, Արամ Թևոնյանի, Արամ և Ժորա Արզումանյանների հիշատակին:
Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման պետ, փոխգնդապետ Արմեն Հովսեփյանը, Ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներն ու հարազատները, համայնքապետեր և այլք:
Մինչ միջոցառման մեկնարկը, ներկաներն Արալեզ համայնքի Վերածննդի հուշահամալիրում նախ մեկ րոպե լռությամբ, ապա նաև ծաղիկներ խոնարհելով իրենց հարգանքի տուրքն են մատուցել զոհվածների հիշատակին: Այնուհետ Մասյացոտն թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ և Վեդի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանի մատուցմամբ հնչել է Տերունական աղոթքն ու սկսվել միջոցառումը, որի ընթացքում ցուցադրվել է անմահացած յոթ քաջորդիների կյանքի և զինծառայության մասին պատմող վավերագրական ֆիլմ:
Ի հիշատակ նրանց, ստեղծված ֆիլմի ավարտին տեղի է ունեցել նաև պատվոգրերի հանձնման արարողություն: Համայնքի հերոսները հետմահու արժանացել են պատվոգրերի և հուշամեդալների, որը նրանց ծնողներին է հանձնել Արալեզ համայնքի ղեկավար Մարտիկ Թևոնյանը: Միջոցառումը կազմակերպվել էր Արալեզի համայնքապետարանի նախաձեռնությամբ:
Կարծիքներ