Գյումրիում 63-ամյա կնոջը սպանել է Երևանի 50-ամյա բնակիչը. տեսանյութ
Բացահայտվել է դեկտեմբերի 28-ին Գյումրիում կատարված սպանության դեպքը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունից:
«Դեկտեմբերի 28-ին, ժամը 13.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Բագրատունյաց օղակում գտնվող խանութի մոտ մահացած մարդ կա:
Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Բագրատունյաց օղակ թիվ 2/9 հասցեի հագուստի խանութ-սրահում հայտնաբերել է 63-ամյա Անահիտ Իսկանդարյանի դին: Դիակի արտաքին զննությամբ պարանոցի առաջնային հատվածում հայտնաբերվել են կտրած վերքեր:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 63-ամյա կնոջը սպանել է Երևանի 50-ամյա մի բնակիչ։ Նա նույն օրը հայտնաբերվել է իր բնակարանում ու, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։ Բերման ենթարկվածը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք։
Պարզվել է, որ գումարային հարցերի շուրջ պարզաբանումների նպատակով, 50-ամյա տղամարդը դեկտեմբերի 28-ին, ժամը 12.30-ի սահմաններում, գնացել է 63-ամյա կնոջը պատկանող Բագրատունյաց օղակում գործող հագուստի սրահ, որտեղ իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է նրա պարանոցին, սրահից վերցրել է սպանվածի պայուսակն ու բջջային հեռախոսը և փախել։ Իր հետ վերցրածն այրել է Երևանյան խճուղու վերջնամասում, իսկ դանակը նետել է Գյումրի-Երևան ճանապարհին:
Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
50-ամյա տղամարդը ձերբակալվել է։
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ