Առաջին խումբն ավարտել է «Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման» դասընթացը

Առաջին խումբն ավարտել է «Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման» դասընթացը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ, հոկտեմբերի 18-29-ն իրականացնում է «Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման» դասընթաց՝ բժշկական և հարբժշկական մասնագետների ներգրավմամբ։ Դասընթացն անցկացնում են Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի փորձագետներ Անդրեաս Կարիստինոսը և Գիագկոս Լավրանոսը։

Մասնակիցների առաջին խումբն այսօր ավարտել է դասընթացը։ Վերջիններս ծանոթացել են ՖՄԴ հիմնական հասկացություններին, միջազգային պրակտիկային և գնահատման չափորոշիչներին, հաշմանդամության գնահատման համար փաթեթի մշակման կարևոր բաղադրիչներին (վերապատրաստման մոդուլները հիմնված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման և մշակված ուղեցույցերի հիման վրա՝ ըստ հաշմանդամության տեսակի և տարիքային խմբի)։

Առաջին խմբի մասնակցությամբ իրականացված դասընթացի ամփոփմանը ներկա է գտնվել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Նա կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ու նրանց կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է անձի ֆունկցիոնալության ճշգրիտ գնահատման և այս գործում որակյալ մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը: 

«Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների տեսանկյունից մեզ համար կարևոր է ֆունկցիոնալության աստիճանի ճշգրիտ գնահատման ապահովումը։ Նոր համակարգի ներդնումն իրապես բարդ գործընթաց է, բայց ունենք հանձնառություն և անում ենք ամենը՝ հօգուտ հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց լավագույն շահի»,- ասել է նա։

Հոկտեմբերի 25-29-ը վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն նաև երկրորդ խմբի համար, որի ավարտից հետո երկու դասընթացների մասնակիցները հնարավորություն կունենան հանձնել քննություն․ լավագույն մասնագետները կշարունակեն համագործակցությունը նախարարության հետ՝ ներգրավվելով բարեփոխումների հաջորդ փուլերի աշխատանքներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում