Արցախի նախագահը հանձնարարել է դադարեցնել մայրաքաղաքի ընդհանուր դիմագծին չհամապատասխանող շինությունների կառուցումը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Ստեփանակերտի գլխավոր հատակագծի մշակման և մասնավոր ներդրումային ծրագրերով մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Հարությունյանը կարևորել է մայրաքաղաքի հատակագծի մշակման շուրջ իրականացվող ուսումնասիրությունների և շահագրգիռ մարմինների միջև քննարկումների անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այդ գործընթացը չպետք է խոչընդոտ լինի մայրաքաղաքում բնակարանաշինական խոշոր ծրագրերի իրականացման համար:
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը տեղեկացրել է, որ գլխավոր հատակագծի մշակման համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու փաստաթղթերը տրամադրվել են գործի պատասխանատու ճարտարապետներին:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախկինում տրված կառուցապատման թույլտվությունների հիման վրա Ստեփանակերտում ընթացող մասնավոր շինարարական աշխատանքներին, ինչպես նաև կանաչ գոտիների պահպանման և ավելացման հարցերին: Երկրի ղեկավարը հանձնարարել է մինչև մայրաքաղաքի գլխավոր հատակագծի մշակումը դադարեցնել քաղաքի ընդհանուր դիմագծին չհամապատասխանող որոշ շինությունների կառուցման հետագա աշխատանքները և քննարկել դրանք հետագայում ապամոնտաժելու հարցը:
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում յուրաքանչյուր նոր օբյեկտի կառուցում պետք է համապատասխանեցվի մշակվող գլխավոր հատակագծի նախագծին:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Կարծիքներ