ԱՄՆ 14 նահանգ դատական հայց է ներկայացրել Իլոն Մասկի դեմ
![ԱՄՆ 14 նահանգ դատական հայց է ներկայացրել Իլոն Մասկի դեմ](https://freenews.am/uploads/images/image_750x_67b027973b63f.jpg)
ԱՄՆ 14 նահանգների գլխավոր դատախազներից բաղկացած խումբը դատի է տվել Իլոն Մասկին և նախագահ Դոնալդ Թրամփին՝ հիմնավորելով, որ այն լիազորությունները, որոնք Սպիտակ տունը տվել է միլիարդատիրոջը և նրա Կառավարության արդյունավետության վարչությանը (DOGE), հակասահմանադրական է: Այս մասին հայտնում է NBC News-ը։
Արիզոնայի, Միչիգանի, Ռոդ Այլենդի և այլ նահանգների դեմոկրատ գլխավոր դատախազների հայցն ուղղված է Մասկի անսահմանափակ լիազորությունների դեմ։ Նրանց խոսքով՝ DOGE-ն առաջնորդում է Թրամփի վարչակազմի ջանքերը՝ դաշնային աշխատուժը կտրուկ նվազեցնելու, գործակալությունները կազմալուծելու և զգայուն տվյալների դաշտ մուտք գործելու ուղղությամբ:
Գլխավոր դատախազները պնդում են, որ Թրամփը խախտել է Սահմանադրության նշանակումների մասին դրույթը՝ ստեղծելով DOGE ոչ պաշտոնական կառավարական գործակալությունն առանց Կոնգրեսի հավանության, և նրան տվել է անսահման լիազորություններ՝ առանց Սենատի հետ խորհրդակցելու և առանց նրա համաձայնության։
Նահանգները պահանջում են դատարանի որոշում, որը թույլ կտա արգելափակել Մասկի կողմից իրականացվող կառավարության ֆինանսավորման փոփոխությունները, պայմանագրերի չեղարկումը, կադրային որոշումների կայացումը և այլն:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայցն անվանել է «նախագահ Թրամփի դեմ արդարադատությունը զենք դարձնելու շարունակություն»:
«Սպիտակ տունը կշարունակի պայքարել դատարանում՝ ակնկալելով, որ կարդարացվենք», – ասել է նա:
Սա DOGE-ի առնչությամբ Թրամփի վարչակազմի դեմ ուղղված իրավական հայցերից միակը չէ: Ավելի վաղ կառավարության մի խումբ աշխատակիցներ հայց էին ներկայացրել դատարան՝ փորձելով թույլ չտալ, որ զգայուն տվյալները հասանելի դառնան Մասկին և նրա վարչությանը, ինչպես նաև արգելափակել DOGE-ի կողմից դաշնային աշխատակիցներին հեռացնելու գործընթացը, քանի դեռ «Մասկը պատշաճ կերպով չի նշանակվել՝ համաձայն ԱՄՆ սահմանադրության»:
Կառավարության արդյունավետության վարչությունը՝ միլիարդատեր գործարար Մասկի գլխավորությամբ, ստեղծվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ «կանխելու դաշնային միջոցների վատնումը»։
Կարծիքներ