Առաջին ալիքը «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցել ցանկացողների համար մրցույթ է հայտարարում
Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան ներկայացուցչին ընտրելու նպատակով Առաջին ալիքն անցկացնում է մրցույթ, որի հայտերն արդեն ընդունվում են:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից, մրցույթին կարող են մասնակցել այն երեխաները, որոնք 2022թ.-ի դեկտեմբերի 11-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան: Լսումներին կարելի է դիմել որպես մենակատար, դուետ կամ խումբ՝ առավելագույնը 6 մասնակցով:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսումների առաջին փուլին և ներկայացնել 2 երգի cover տարբերակ՝ կենդանի կատարմամբ: Առաջին փուլը հաղթահարած դիմորդներից երկրորդ փուլում պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթողին, որն էլ կներկայացնի Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթում:
Լսումներին մասնակցելու հայտը լրացնելու համար հարկավոր է այցելել www.eurovision.am կայք. հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը:
«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Կարծիքներ