Չենք կարող թույլ տալ, որ մեր ներքին բզկտվածությունն օգտագործելով արտաքին ուժերը ծվատեն մեր երկիրը. Արման Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բարդ, շատ բարդ իրողության մասին պիտի գրեմ, բայց սա այսպես չի կարելի թողնել։
Մեր երկիրը բարդագույն արտաքին և անվտանգային մարտահրավերների առջև է կանգնած։ Վճռվում է մեր պետականության հարցը։ Նոր պատերազմի վտանգը կրկին ծայրաստիճան հավանական է դարձել։
Այս իրավիճակում երկրի ներքին կայունությունը կենսական կարևոր է։ Մենք իրավունք չունենք միաժամանակ արտաքին այսպիսի սպառնալիքների և մարտահրավերների պայմաններում ներքին սպառնալիքները ոչ միայն չչեզոքացնենք, այլև նորերը ստեղծենք։
Վաղը Ազգային ժողովը քննարկելու է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը։ Հույս ունեմ, որ հարցը կմերժվի և իշխանությունը չի գնա իրավիճակը էլ ավելի սրելու ճանապարհով։
Ավելին, խորապես հավատացած եմ, որ Ֆրանսիայի հրապարակում վրանները դուրս բերելուց և շուրջօրյա հավաքները դադարեցնելուց հետո որպես հաղթած կողմ իշխանությունն ինքը պետք է նախաձեռնի երկխոսության պատուհան և հնարավորություն ստեղծել ընդդիմության հետ՝ հաշտության օրակարգի շուրջ և ամենևին էական չէ, թե ինչի շուրջ կարող է լինել այդ երկխոսությունը։
Ի վերջո, մենք բոլորս ճանաչել ենք 2021թ․ ընտրությունների արդյունքը, և եթե մենք անկեղծ ենք ուրեմն պետք է ճանաչենք նաև մեր ժողովրդի մի հատվածի կողմից ընդդիմությանը տված քվեների օրինականությունը։ Ընդդիմության մեկ տարի առաջ քվե տված քաղաքացիները ոչ մի տեղ չեն փախչելու՝ սիրենք մենք նրանց կամ ոչ, նրանք շարունակելու են ապրել մեր կողքին և մենք պետք է վաղ թե ուշ հաղթահարենք այս անտագոնիզմը։
Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որի պայմաններում ընդդիմությունը ի վիճակի չլինելով խորհրդարանական հարթակն օգտագործելու ավելի ստեղծարար միջոցներ գտնել, ընտրել է փողոցային պայքարի ճանապարհը և իր քաղաքական պայքարի այդ ճանապարհին ձախողել է։
Կարծում եմ պետք է փնտրել և գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհ։ Չենք կարող թույլ տալ, որ մեր ներքին բզկտվածությունն օգտագործելով արտաքին ուժերը ծվատեն մեր երկիրը։ Հենց այս պահին դա է տեղի ունենում։ Արտաքին ուժերը տեսնելով մեր ներքին պառակտվածությունը՝ դրա հետևանքով առաջացած փոսերը, լցնում է իրենով, ամենևին ոչ մեր պետության։
Բոլորը շատ լավ գիտեն իմ վերաբերմունքը Քոչարյանի, Սերժի, ՀՀԿ-ի, դաշնակցության վերաբերյալ։ Բայց իմ անձնական կամ քաղաքկաան վերաբերմունքը այստեղ որևէ կապ ունենալ չի կարող, եթե հարցը վերաբերվում է պետությանն ու մեր հայրենիքի ապագային։ Մենք մեր կուսակցության դրոշները պատրաստ ենք խոնարհել, եթե հարցը վերաբերվում է մեր պետության ներքին և արտաքին անվտանգությանը։
Խորապես հավատացած եմ, որ իշխանությունը, որը մեր պետության շահի բարձր գիտակցմամբ բանակցային դժվարագույն գործընթաց է իրականացնում թշնամի Թուրքիայի հետ, խոսում է հայատյաց Էրդողանի, Չավուշօղլուի հետ, որովհետև դա է պահանջում երկրի շահը, նույնքան իմաստուն կգտնվի և անհրաժեշտ հասունություն հանդես կբերի և կսկսի ուղիներ փնտրել ընդդիմության հավաքական կամ առանձին հատվածի կամ հատվածների հետ երկխոսելու համար։ Դա կարող է տեղի ունենալ բաց կամ փակ ռեժիմում, համաձայնեցված կամ չհամաձայնեցված օրակարգով։ Բայց պետք է խոսել։
Այո, երկրի քաղաքական ուժերը պետք է ստիպեն, որ հայտնի ուժերի առաջնորդները երկրի ընտրված վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի հետ նստեն երկխոսության։ Սա կենսական կարևոր հարց է թե ներքին, թե արտաքին իմաստով։
Եթե մեր հավաքական ջանքերը հաջողության չբերեն, և իմ նշած անձինք ընդառաջ չգնան ժողովրդի կամքին, իրենց այդ մերժողական քայլով իրենց անձնական և քաղաքական վախճանն են ազդարարելու՝ ի տես աշխարհի։
Որպես Հանուն Հանրապետության կուսակցության առաջնորդ, գուցեև, առաջարկս քաղաքական տեսանկյունից մեր քաղաքական ուժի համար կարճաժամկետ կամ միջնաժամկետ նպատակներին դեմ է, բայց թքած մեր կուսակցական նպատակների վրա, եթե սեղանին մեր պետության և պետականության հարատևության հարցն է։
Ստեղծեք այդ հնարավորությունը, բացեք հնարավոր ամենափոքր ճանապարհը, խոսեք իրար հետ, ի սեր Աստծո»։
Կարծիքներ