Երևանի Աէրացիայի կեղտաջրերի մաքրման նոր կայանի շուրջ մեծ աղմուկ է բարձրանում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Երեւանի Աէրացիայի կեղտաջրերի մաքրման նոր կայանի շուրջ մեծ աղմուկ է բարձրանում։ Մաքրման այս կայանը պետք է շահագործման հանձնվեր դեռեւս 2016 թվականին, ավելին՝ կայանի ստեղծման համար ծախսվել են միլիարդներ, բայց այն դեռ չի շահագործվում։ Մասնագետների խոսքերով՝ անմխիթար վիճակում գտնվող ու գրեթե անարդյունավետ այս կայանի վերականգնումը Հրազդան գետի մաքրման միակ փրկությունը կլինի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատն ուսումնասիրություն է իրականացրել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում։ Ըստ պալատի՝ Երեւանի Աէրացիայի կեղտաջրերի մաքրման նոր կայանը կառուցվել է 2015-2017 թվականներին՝ 2008թ. հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի կառավարության ֆինանսական արձանագրության համաձայն։ Ծրագրով նախատեսվել է վերականգնել ջրազատման «Աէրացիա» կայանը կեղտաջրերի սկզբնական եւ ցեխանստվածքների նախնական մշակումը բարելավելու միջոցով։
Ծրագրի 24.4 մլն եվրո արժեքից 10.5 մլն եվրոն ուղղվել է նոր կայանի կառուցմանը։ Երեւանի ջրմատակարարման եւ ջրահեռացման բարելավման ծրագրի իրականացման նպատակով 2016 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ «Վեոլիա Օ Ժեներալ դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրկան ընկերության միջեւ ստորագրվել է վարձակալության պայմանագիր, որի համաձայն՝ վարձակալությամբ հանձնվել են կոյուղու մաքրման 6 կայանները, այդ թվում՝ Երեւանի «Աէրացիա» «հին» մաքրման կայանի կառուցվածքները։ Սակայն այդ գույքը 2017 թվականից ի վեր այդպես էլ սահմանված կարգով չի անցել փորձաքննություն, չի ընդունվել եւ չի հաշվառվել, որի արդյունքում այն չի ստացել նաեւ պետական սեփականության կարգավիճակ եւ չի շահագործվել ըստ նպատակային նշանակության, մինչդեռ ՀՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Երեւան քաղաքից 9կմ ներքեւ հատվածում իրականացված Հրազդան գետի ջրի որակի մոնիթորինգի արդյունքում այդ դիտակետում 2014-2019թթ ընթացքում ջրի որակը գնահատվել է բացառապես 5-րդ դասի, այսինքն՝ վատ որակի՝ պայմանավորված Երեւան քաղաքի չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերի ազդեցությամբ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Կարծիքներ