Քաղաքացու օրը նշում ենք ի արձանագրումն նրա, որ ՀՀ-ում և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներին, որոնք ներկայացնում են հանրապետության տարբեր դպրոցների 8-11-րդ դասարանները: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում վարչապետը աշակերտների հետ զրուցել է ժողովրդավարական պետության կայացման և զարգացման գործում քաղաքացու կարևոր դերակատարման, Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո քաղաքացու՝ որպես իշխանության հաստատման խորհրդանիշ դառնալու և մի շարք այլ հարցերի մասին:
Շնորհավորելով բոլորին Քաղաքացու օրվա առթիվ, վարչապետը նշել է. «Սա նաև լավ առիթ է, որպեսզի մտածենք և քննարկենք մի շարք հասկացություններ, մասնավորապես, «մարդ», «քաղաքացի», «ժողովուրդ», «ազգ», «հայրենիք», «երկիր», «պետություն», «իրավունքներ», «պարտականություններ», «ազատություններ», «օրենք», «օրինականություն»»: Վարչապետի խոսքով, այս հասկացությունների նկատմամբ վերաբերմունքը, այլ ոչ թե ճիշտ և սխալ ընկալումներն են, որ ստեղծում է իրականություն, որովհետև աշխարհում կան տարբեր մոդելներ և տարբեր արդյունքներ, և ամեն ժողովուրդ, պետություն ինքն է որոշում, թե որն է իր համար ճիշտ հանգրվանը: Խոսելով «քաղաքացի», «հպատակ» հասկացությունների մասին՝ վարչապետը նշել է, որ այդ հասկացությունների զարգացումների մեջ շատ կարևոր քաղաքական իմաստ կա. «Ո՞րն է այդ քաղաքական իմաստը: Ես խոսեցի իրավունքի, պետության մասին, պետությունը չի լինում առանց իշխանության և հետևաբար՝ այստեղ հիմնարար հարցը հետևյալն է. եթե մենք վերցնենք «հպատակ» և «քաղաքացի» բառերի, այսպես ասած, ամպլիտուդից, ապա հիմնական հարցը հետևյալն է՝ ի վերջո ո՞վ է իշխանության աղբյուրը, այսինքն՝ որտեղի՞ց է բխում իշխանության աղբյուրը: Այն ժամանակներում, երբ կար հպատակ հասկացությունը, ընդունված էր համարել, որ իշխանությունը բխում է միապետից կամ Աստծուց և միապետից: Հետագայում արդեն փոխվեց իրադրությունը, երբ քաղաքացիներն սկսեցին քաղաքականությամբ զբաղվել և տեղի ունեցան հեղափոխություններ:
Համոզված եմ, որ կարդացել եք Անգլիայում տեղի ունեցած Կրոմվելի հեղափոխության և հետագա հեղափոխությունների մասին: Այս առումով, ամենահիմնարար նշանակությունն ունեցել է Ֆրանսիական հեղափոխությունը: Այդ ժամանակներից իշխանության աղբյուրը փոխվեց: Եվ իշխանության աղբյուր դարձան քաղաքացիները: Բայց եղավ նաև այնպես, որ քաղաքացիներից բխած իշխանությունը հպատակեցրեց հենց քաղաքացիներին: Այսինքն՝ թվում էր, թե նրանք հպատակից դարձան քաղաքացի՝ դառնալով իշխանության աղբյուր: Հենց նույն ֆրանսիական հեղափոխության ժամանակ. նրանք հեղափոխությամբ իշխանության բերեցին մարդկանց, որից հետո իշխանությունը, ըստ էության, նորից հպատակեցրեց քաղաքացիներին, որից հետո՝ հեղափոխությունից հետո, նորից ունեցան կայսր՝ ի դեմս Նապոլեոն Բոնապարտի»:
Կարծիքներ