Երթևեկությունը Սուեզի ջրանցքով կարճատև դադարից հետո վերականգնվել է
Նավարկությունը Սուեզի ջրանցքով ամբողջությամբ վերականգնվել է, բոլոր խնդիրները վերացվել են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Եգիպտոսի ջրային ուղու հարցերով վարչության ներկայացուցչին:
«Նավարկությունը ջրանցքով շարունակվում է բնականոն ռեժիմով տեխնիկական անսարքության վերացումից հետո, որը կապված էր Minerva Nike նավթային լցանավի հետ: Երթևեկությունն այժմ իրականացվում է կանոնավոր սկզբունքով, և անհանգստության պատճառ չկա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Գերատեսչության տեղեկություններով՝ ջրանցքում երկու լցանավի հետ կապված միջադեպի պատճառով երթևեկությունը կանգ էր առել մեկ ժամից ոչ ավելի:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու նավ Սուեզի ջրանցքով անցնելիս խնդիրների են բախվել՝ բարդացած երթևեկության պատճառով: Լցանավերից մեկի հետ կապված տեխնիկական անսարքություն է եղել, ինչի հետևանքով այն խոչընդոտել է երթևեկությանը:
Որոշ ժամանակ անց ևս մեկ լցանավ է կանգ առել ջրանցքի հարավային հատվածում՝ դարձյալ տեխնիկական խնդիրների պատճառով:
Կարծիքներ