Ստանիսլավի պատասխանը անկանխատեսելի չէր, ոչ էլ զարմանալի. ի՞նչ անել ՀԱՊԿ-ի հետ․ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ստանիսլավի պատասխանի և կարճ ժամանակ հետո նոր ընտրություն մարգարեցողների մասին․
Սիրելի ընթերցող, էլի որոշեցի հոդվածի տարբերակով հետդ կիսվել, որովհետև շոգը և քաղաքական իրավիճակը դժվարացնում են քնելը, իսկ մտորումները պարտադրում են գրել։ Որ ՀԱՊԿ-ը ձևական կառույց է, որի նպատակն է ցուցադրել, թե Ռուսաստանը իբր գերտերություն է, ակնհայտ և տեսանելի է անգամ բադերին։
Հետևաբար՝ Ստանիսլավի պատասխանը անկանխատեսելի չէր, ոչ էլ զարմանալի: Ի՞նչ անել ՀԱՊԿ-ի հետ․․․ Ոչինչ, անիմաստ բանի հետ, ինչ- որ բան անելը կրկնակի անիմաստ է: Խնդիրը ի՞նչ անելն է Ռուսաստանի հետ։ 2015-ից Թուրքիան իր «Փափուկ ուժի» քաղաքականությունը փոխարինեց բիրտ ուժի գործիքակազմով։ ՌԴ շահերի տարածքներում Թուրքիան ակնհայտ հարձակվում է, իսկ Ռուսաստանը՝ պաշտպանվում։ Պաշտպանվում է, և պաշտպանվելով՝ զիջում ու պարտվում ամեն տեղ։ Սա հանրահայտ փաստ է, որ անգամ ՌԴ ռազմական գերատեսչությունում են շատերը հասկանում և ընդունում։ Նախկինում թուրքերը հասկանում էին, որ չի կարելի անցնել ռուսական պետության կարմիր գծերը, հիմա հանգիստ և հաշվենկատ տեղաշարժում են այդ գծերը ի վնաս ՌԴ-ի և ի շահ Թուրքիայի։
Արցախում, Լավրովի պնդմանը հակառակ, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետեր ունենալը, Ադրբեջանում թուրքական ռազմական բազա դնելու ակնարկը, Թաթարստանի նախագահին, որպես անկախ պետության ղեկավար ընդունելը և թուրք-թաթարական միջպետական պայմանագրեր ստորագրելը, թուրք-ուկրաինական քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռոսաստանի ոչ միայն պարտության, այլև նվաստացման ակնհայտ ապացույցն են։ Համոզված եմ, որ թվարկածիս չի հակադրվի անգամ ամենաթունդ ռուսամետը։ Հետևաբար՝ մեր խնդիրը պետք է լինի ՌԴ-ի հետ հարաբերությունները ոչ թե էլ ավելի խորացնելը, ինչպես առաջարկում են խորհրդարանական ընդդիմությունը և իշխանությունը, այլ՝ քայլ առ քայլ եղածը փոխարինել ԵՄ և ԱՄՆ քաղաքական ու տնտեսական բաղադրիչներով։
Մենք ակտիվորեն պետք է ընդառաջ քայլեր անենք նաև Հնդկաստանի, Չինաստանի, ԱՄԷ-ի և Իրանի առաջարկություններին։ Միայն այդ տարբերակով մենք կարող ենք հզորացնել մեր տնտեսությունը, ուժեղացնել մեր բանակը՝ սպառազինելով նոր, մրցակցային և տեխնոլոգիական զինատեսակներով։ Ռուսաստանը վաղուց ռազմավարական գործընկերոջից վերածվել է միջնորդի: Ինչքան էլ տխուր է, բայց մեզ համար դա չտեսնելը հղի է ավելի տխուր հետևանքներով ու ծանր կորուստներով։ Արդյունքում ստացվում է, որ աշխարհը Ռուսաստանի դեմ է պատժամիջոցներ կիրառում, Ռուսաստանն էլ՝ մեր, արգելելով օտարերկրյա կապիտալի մուտքը Հայաստան։
Շատ կարևոր է նաև մեր նեքին կայունությունը, մեր միասնականության և արդարության ընկալումը։ Պարտությունից ու այսքան զոհերից հետո, սեփական ժողովրդից փողով քվե առնելը, ՈԳԻ սպանել ու ստրկացնել է, իսկ դրանց հետո արդարությունից խոսելը՝ անբարոյականության քրիստոմատիական օրինակ։ Խորհրդարանական համակարգը մեր պարագայում վատ համակարգ է, հղի անընդհատ փոփոխություններով, բայց մեր այսօրվա խորհրդարանում կոալիցիաներ կազմելով իշխանափոխության ռիսկեր չկան, իսկ տնտեսական բունտ Հայաստանում չի եղել և չի լինի։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ նախ փողոցներ փակելու ռեսուրս այլևս չունի, հետո էլ փակելու դեպքում կմեղադրվի մանդատները վայր դնելով խնդրին լուծում չտալու մեջ, ինչպես իրենք էին ժամանակին մեղադրում ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին․․․ Էնպես, որ սեփական թիմի շահերով մարգարեցողները սուտ մարգարե են։
Հ.Գ. Սիրելի ընթերցող, կներես, ինչքան կրճատեցի, միևնույն է, երկար ստացվեց, բայց որ չկարդաս էլ, շատ բան չես կորցնի, որովհետև էս ամենը գիտես… Գիտես ու պետք է եզրակացություններ անես: Էսօր, որ վաղը զավակներիդ թողնելու երկիր ունենաս»։
Կարծիքներ