Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ի և Ավստրալիայի գործողությունները Ֆրանսիայի հանդեպ անթույլատրելի է անվանել

Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ի և Ավստրալիայի գործողությունները Ֆրանսիայի հանդեպ անթույլատրելի է անվանել

Ավստրալիայի կողմից Ֆրանսիայի հետ կնքած սուզանավերի մատակարարման մասին պայմանգրի խզումը՝ հօգուտ ամերիկյան մատակարարումների, անթույլատրելի է և բարդացնում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարաբերությունները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Մի կողմից մեր դաշնակից երկրներից ոմանք անընդունելի քայլեր են արել: Մենք ցանկանում ենք հասկանալ՝ ինչ է պատահել և ինչու: Մենք պետք է պարզաբանենք այդ հարցը, նախքան կկարողանանք վերադառնալ բնականոն աշխատանքի (ԱՄՆ-ի և Ավստրալիայի հետ՝ խմբ.)»,- ասել է եվրոպացի գործիչը՝ անդրադառնալով Բրյուսելի և Վաշինգտոնի հարաբերություններին Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի միջև նոր պաշտպանական համաձայնագրի (AUKUS) կնքումից հետո:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը չեղարկել էր իր այցը Լոնդոն, որտեղ բանակցություններ պետք է վարեր իր բրիտանացի պաշտոնակցի հետ: Չեղարկման պատճառը ևս համաձայնագրի կնքում է, որի մասին հայտնի էր դարձել օրեր առաջ:

Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև 37 մլրդ դոլարի Հնդկախաղաղօվկիանոսյան անվտանգության նոր դաշինքի՝ AUKUS-ի ստեղծման ֆոնին Ավստրալիան չեղարկել է 2016 թվականին Ֆրանսիայի հետ կնքած պայմանագիրը:

Ակնկալվում է, որ դաշինքը կընդլայնի պաշտպանական կարողությունների փոխանակումը: Դաշինքի հիմնական նպատակներն են հակազդել Չինաստանին և աջակցել Ավստրալիային միջուկային սուզանավերի ձեռքբերման գործում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում