ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի մասնակիցները ողջունել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Նոյեմբերի 18-ին Երեւանում կայացել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը:
Նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին:
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի մասնակիցներին եւ հյուրերին ողջունել է նաեւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման: Կարեւորելով ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման դերը` Պիա Կաուման անդրադարձել է վերջերս ԼՂ-ից բռնի տեղահանված հարյուր հազարավոր հայերին, նշել, որ ծանոթ է նրանց պատմություններին: ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, որ արդարության գինը չպետք է լինի քաղաքացիների տանջանքների գնով:
«Կայուն խաղաղությունն ու անվտանգությունը պահանջում են վստահություն եւ փոխադարձություն: Քաղաքական առաջնորդները կրում են այդ ամենի պատասխանատվությունը»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:
Պիա Կաումայի խոսքով պատմությունը կրկնվում է, եւ ԵԱՀԿ տարածաշրջանում ապրող ժողովուրդները պետք է հիշեն, թե ինչպես կես դար առաջ երկրները համախմբվեցին ատելության կործանարար մեխանիզմը կոտրելու համար:
«Աշնանային նստաշրջանը հիանալի հնարավորություն է` հասկանալու, թե ինչպես ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք տարածաշրջանին երկարատեւ խաղաղություն կբերեն»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման եւ ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել պետական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանմանը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի պաշտոնական նիստի մեկնարկից հետո տեղի է ունեցել քաղաքական ուղղվածությամբ նիստը, որի ընթացքում բանախոսներն անդրադարձել են ԵԱՀԿ տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակին, ինչպես նաեւ մարտահրավերներին արձագանքելու հարցում խորհրդարանական վեհաժողովի դերակատարությանը:
Խոսելով բարդ քաղաքական մթնոլորտում կառույցի դերի մասին՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը նշել է, որ չնայած կազմակերպությունը մարտահրավերների է բախվում՝ ԵԱՀԿ-ն շարունակում է կատարել իր մանդատները եւ նշանակալից դեր խաղալ բոլորի համար անվտանգության ամրապնդման գործում:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանն անցել է կտրուկ փոփոխությունների միջով, որոնք նոր տեսլական են ձեւավորել միջազգային ասպարեզում նրա դերի մասով. նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով ժողովրդավարացման գործընթացը շարունակաբար ամրապնդում է հայկական պետական ինստիտուտները եւ հայ հասարակությանը դարձնում ավելի դիմացկուն ներքին եւ արտաքին մարտահրավերների նկատմամբ: Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը:
Զեկուցողը նաեւ անդրադարձել է ԼՂ բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումներին: Նշվել է, որ Հայաստանը խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում եւ հաստատակամորեն հավատարիմ է խաղաղության օրակարգին:
Նիստից հետո խորհրդարանականների միջեւ տեղի է ունեցել բաց քննարկում, որի ընթացքում եվրոպացի պատգամավորները, խոսելով ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային հարցերի մասին, նշել են, որ անվտանգության միջոցների ձեռնարկումը մեծ նշանակություն ունի կառույցի համար: Ընդգծվել է, որ վերջին տարիներին աշխարհը փոխվել է, մարտահրավերները շատացել են, եւ կազմակերպությունը պետք է քայլեր ձեռնարկի դրանք կանխարգելելու համար: Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել եւ դատապարտել Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը, աջակցություն հայտնել ագրեսիայից տուժածներին: Ելույթ ունեցողները նշել են, որ աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը: Կարեւորվել է Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը:
Եվրոպացի պատվիրակներն ընդգծել են, որ ագրեսիան ճիշտ ճանապարհ չէ, խոցելի է դարձել ժողովրդավարությունը: Նրանց խոսքով անհրաժեշտ է ճիշտ դիվանագիտություն եւ գործուն քայլերի ձեռնարկում: Նշվել է, որ ագրեսիա իրականացնող պետությունները պետք է պատասխանատվություն կրեն: Նշվել է նաեւ, որ Հայաստանի սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը վտանգի տակ են: Ելույթներ են եղել ուղղված ի պաշտպանություն Ադրբեջանում հայ բանտարկյալների:
Մասնակիցները ողջունել են եւ ընդունելի համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն աշխատանքը կշարունակի նոյեմբերի 19-ին
Կարծիքներ