Նպաստել հաշմանդամային սպորտի զարգացմանը և մասսայականացմանը. տեղի է ունեցել 18-րդ մարզական փառատոնը
Հուլիսի 25-27-ը Ծաղկաձորում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց 18-րդ հանրապետական մարզական փառատոնը, որին մասնակցել է 120 մարզիկ:
Փառատոնը կազմակերպել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծաղկաձորի մարզահամալիրում ընթացած փառատոնի մասնակիցները մրցել են լող, պաուերլիֆտինգ, բազկամարտ, սայլակներով բասկետբոլ, շախմատ, թենիս մարզաձևերում. մրցանակակիրների ցանկը կցվում է:
Կազմակերպիչներից Գոհար Նավասարդյանի խոսքով՝ միջոցառման գլխավոր նպատակը հաշմանդամային սպորտի զարգացմանը և մասսայականացմանը նպաստելն է, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին մեկ անգամ ևս բարձրաձայնելը. «Շատերը փառատոնի միջոցով տեղեկանում են, որ կան հաշմանդամային սպորտաձևեր: Հաշմանդամություն ունեցող անձինք, մասնակցելով այս մրցումներին, հաղթահարում են տարատեսակ բարդույթներ և դժվարություններ: Շատերն էլ մրցումներից հետո որոշում են զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով: Այսպիսով՝ մենք սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավում ենք հասարակություն»:
Հիշեցնենք, որ 2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին հատկացվող պետական աջակցության գումարը և շահառու կազմակերպությունների թիվն ավելացել է: Մինչև 2020 թվականը ներառյալ պետական աջակցություն է տրամադրվել հաշմանդամային սպորտի զարգացման խնդիրներով զբաղվող 4 կազմակերպության («Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայաստանի կույրերի միավորում», «Հայկական հատուկ օլիմպիադաներ»), իսկ այս տարի աջակցություն են ստանում նաև Հայաստանի անվասայլակով բասկետբոլի, Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական և Հաշմանդամային սպորտի ֆեդերացիաները:
Կարծիքներ