Ստեփանակերտի ջրամատակարարումը վերականգնվել է մասամբ. խորհուրդ է տրվում խիստ նպատակային օգտագործել ջուրը
ԼՂ մայրաքաղաքը սնուցող գետերի պաշարներն օդի բարձր ջերմաստիճանի պատճառով վերջին օրերին սակավացել են, ինչը բացասաբար է ազդում շուրջօրյա ջրամատակարարման համակարգի բնականոն աշխատանքի վրա:
Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ մասնավորապես, օգոստոսի 10-ից խնդիրներ են առաջացել ջրաբաշխ ցանցի 4-րդ, 5-րդ, 9-րդ և 10-րդ գոտիների որոշ հատվածներում:
Քաղաքային իշխանության հետևողականության և ջրամատակարար «Ջրմուղ-կոյուղի» ընկերության ջանքերի շնորհիվ օգոոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը հաջողվել է գրեթե լրիվությամբ վերականգնել ջրամատակարարումը 9-րդ գոտում:
4-րդ ու 5-րդ գոտիներում խնդիրը կարգավորվել է մասամբ, որովհետև դեռ ջրազուրկ են Սարին թաղ և Վ. Բարեպաշտ թաղամասերը:
10-րդ գոտում շարունակվում են վերականգնողական աշխատանքները:
«Պատճառած անհարմարությունները փոքրիշատե մեղմելու նպատակով ջրազուրկ բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրվել ու տեղադրվում են ջրի բաքեր:
Հարգելի՛ քաղաքացիներ, հիդրոօթերևութաբանների՝ առաջիկա օրերի կանխատեսումները լավատեսական չեն, ինչը նշանակում է՝ տոթ եղանակը շարունակվելու է: Ուստի խնդրում ու հորդորում ենք խնայողաբար և խիստ նպատակային օգտագործել խմելու ջուրը, որպեսզի համակարգի վերջին օրերի ձեռքբերումները ի չիք չդառնան, և հնարավոր լինի մեր դեռ ջրազուրկ բնակիչներին ևս ապահովել կենարար հեղուկով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ